Սեքսուալ ներդաշնակությունը ընտանեկան կյանքի ամրության հիմքում
Advertisement 1000 x 90

Սեքսուալ ներդաշնակությունը ընտանեկան կյանքի ամրության հիմքում

Առողջությունը մարդու երջանկության հիմնական պայմաններից մեկն է, իսկ սեռական առողջությունը ընդհանուր առողջության անքակտելի մասն է կազմում:
Սեռական առողջության հիմնական բաղադրիչներն են`
1. սոցիալական և անհատական նորմերի համաձայն սեռական հաճույքի վայելելը,
2. սեքսուալ լիարժեք հաղորդակցության առկայությունը,
3. սեքսուալության վերաբերյալ սխալ պատկերացումների, վախի, ամոթի, մեղքի զգացումի բացակայությունը,
4. սեքսուալ և մանկածնման ֆունկցիան խաթարող օրգանական այլ հիվանդությունների բացակայությունը:

Մեր կողմից իրականացրած հարցումների վերլուծությունը ցույց տվեց, որ երիտասարդ ընտանիքների սեռական կյանքում առկա են մի խումբ դժվարություններ և խնդիրներ: Երիտասարդ ամուսինների մեծ մասը գտնում է, որ իրենց սեռական կյանքում չկա ներդաշնակություն, բարձր տոկոս է կազմում սեռական անբավարարությունը, ինչը զգալիորեն գերազանցեց մեր սպասումները: Մյուս կողմից, մեր տվյալները վկայում են, որ մեծ տոկոս են կազմում նաև այն երիտասարդ ամուսինները, ովքեր չեն էլ գիտակցում, որ իրենք ունեն սեռական լուրջ պրոբլեմներ, ամուսիններ, ովքեր ունեն հակասական պատկերացումներ սեռական կայնքի վերաբերյալ, անիրական սպասումներ սեռական կյանքից, զուգընկերոջից: Քիչ չեն նաև այն ամուսինները, ովքեր տառապում են սեռականության խորը արգելակումով և զրկված են սեռական կյանքի հաճույքաբեր ակտիվությունից:  Հատկանշական է նաև, որ ամուսնական հարաբերությունների սկզբում սեռական ցանկությունն ավելի բարձր է եղել, քան ներկա պահին, ինչը ամուսինները վերագրում են սկզբնական ռոմանտիկ սիրահարվածության անհետացմանը, ընտանեկան հոգսերի ծանրությանը:

Մեր տվյալները թույլ են տալիս եզրակացնելու, որ շատ երիտասարդ ընտանիքներում առկա է սեռական աններդաշնակության լուրջ խնդիրը, որը կարող է վնասել սեռական առողջությունը և առաջացնել ընտանեկան կյանքից հուսահատության, խաբվածության և անբավարարության զգացում:

Իսկ ի՞նչ է սեռական աններդաշնակությունը

Սեքսուալ զուգընկերների միջև ցանկացած տեսակի հոգեբանական, էմոցիոնալ/հուզական/ և ֆիզիկական անբավարարությունը, որը սեռական ներդաշնակության խաթարման պատճառ է հանդիսանում, համարվում է սեռական աններդաշնակություն: Այսինքն, սեռական աններդաշնակությունը ամուսինների ինտիմ հարաբերություններում տարբեր տեսակի անհամաձայնությունն է:
Սեռական աններդաշնակությունը դրսևորվում է սեռական պահանջի նվազմամբ, իջնում է տվյալ զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը, ինչպես նաև առաջանում է էրեկտիլ դիսֆունկցիա /իմպոտենցիա/, կանանց մոտ ֆրիգիդություն /սեռական ցանկության բացակայություն/, իջնում է օրգազմելիության հաճախականությունը կամ ընդհանրապես բացակայում է օրգազմի զգացումը:

Որո՞նք են սեռական աններդաշնակության պատճառները

Հաճախ սեռական աննեդաշնակության պատճառը կնոջ և տղամարդու անձնային-հոգեբանական և ֆիզիկական հատկանիշների անհամապատասխանությունն է:
Անձնային-հոգեբանական անհամատեղելիությունը դիտվում է այն դեպքում, երբ տարբեր են ամուսնական զույգի անհատական անձնային առանձնահատկությունները, այսինքն` տարբեր են նրանց զարգացածության և կրթության աստիճանները, հայացքները` ուղղված կենսական և նյութական արժեքներին, ինտելեկտուալ-մշակույթային պահանջները, սովորությունները, ճաշակը, հետաքրքրությունները և հակումները: Նման անհամատեղելիությունը ուղեկցվում է միմյանց հետ իրենց զգացողությունները և ապրումները կիսելու անկարողությամբ, դիմացինի թերա- կամ գերագնահատմամբ, որն էլ միմյանցից հեռացման օտարացման պատճառ է հանդիսանում: Զուգընկերոջ հանդեպ բացասական էմոցիաները` վախը, ատելությունը, անտարբերությունը խանգարում են մարդուն լրիվությամբ տրվել սեռական զգացողություններին և սեռական մերձեցման ժամանակ պարզապես վստահել զուգընկերոջը: Իսկ երբ ամուսինները ամբողջ կյանքի ընթացքում օտար են մնում միմյանց հետ, երբևէ ձեռք չեն բերի միջանձնային խորը կապ և հետևապես սեռական ներդաշնակություն:
Անձնային անհամապատասխանությունը առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք ժամանակի ընթացքում ազդում են ինտիմ հարաբերությունների վրա: Հաճախ կոնֆլիկտի և միմյանցից դժգոհության պատճառները չեն գիտակցվում ամուսինների կողմից և որպես կոնֆլիկտի հիմնական պատճառ դիտարկվում է նշված անհամատեղելիության հետևանքները օր` անկայուն հոգեվիճակը կամ օրինակ սեռական խանգարումները: Նման դեպքերում հաճախ միջանձնային և սեռական դժվարությունները փոխազդելով` զույգերի փոխհարաբերություններում առաջացնում են արատավոր շրջան:

Չնայած վերը նշվածին` սեռական աններդաշնակություն կարող է առաջանալ նաև ներդաշնակ միջանձնային հարաբերությունների դեպքում: Այս իրավիճակը բավականին դժվար է լուծվում հատկապես կնոջ կողմից այն դեպքում երբ նա սիրում է ամուսնուն, բայց միևնույն ժամանակ կուզենար թողնել նրան, քանի որ վերջինս սեռապես չի բավարարում իրեն:  Միևնույն ժամանակ կոնֆլիկտային միջանձնային հարաբերությունները կարող են չուղեկցվել սեռական աններդաշնակությամբ, սակայն ժամանակի ընթացքում իր բացասական ազդեցությունը ունենալ սեռական հարաբերությունների վրա և իջեցնել ամուսինների սեռական ակտիվությունը:

Մյուս պատճառը, որ առաջացնում է սեռական  աններդաշնակություն  ֆիզիոլոգիական խանգարումներն են: Տղամարդկանց մոտ այդ շարքին են պատկանում էրեկտիլ դիսֆունկցիան /սեռական թուլություն կամ իմպոտենցիա/, վաղաժամ սերմնաժայթքումը, սեռական ակտիվության իջեցումը կամ բարձրացումը, կանանց մոտ ցածր սեռական ցանկությունը, վագինիզմը, գենիտալգիան, ուշացած սեքսուալ դրսևորումները /ինֆանտիլիզմ/, ինչպես նաև սեռական օրգանների բորբոքային հիվանդություննրը և նյարդա-հոգեկան խանգարումերը: Այդ է պատճառը, որ սեռական աններդաշնակությունների պրոֆիլակտիկայի /կանխարգելման/ համար խիստ մեծանում է ճիշտ ժամանակին նշված խնդիրների ախտորոշումը և բուժումը:

sexology.am