Սեպտեմբերի 19-ին մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» նոր կատակերգությունը: Կինոսերները Գոռին ճանաչում են «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Քայլ ձիով», «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմերով, իսկ նրա նոր ֆիլմում նկարահանվել են Արամ MP3-ը, Դավիթ Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Արտակ Գասպարյանը և այլք: Դեռ նախորդ տարի, երբ նկարահանումներն անցկացվում էին Հայաստանում, BlogNews.am-ը զրուցել էր դերասանների հետ, ովքեր պատմել էին իրենց կերպարների մասին: Ի դեպ, դերասանուհի Մեգգի Գրիգորյանը, ով ֆիլմի միակ իգական սեռի ներկայացուցիչն է, հատուկ իր կերպարի համար վարսերը կարճ էր կտրել և վարդագույն ներկել:
Ֆիլմի պրեմիերան արդեն եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգոստոսի 4-ին: Սյուժեի հիմքում պատմություն է հինգ անհաջողակների մասին, ովքեր որոշում են մեծահարուստ մարդու բնակարանից գողանալ Սուլեյման սուլթանի՝ ադամանդե քարերով ջազվեն, որ հետո տանեն ոստիկանություն և ասեն, որ գտել են, որպեսզի պարգև ստանան:
Ռեժիսորը չցանկացավ նշել ֆիլմի բյուջեն, ոչ էլ ցանկացավ խոսել դերասանների հոնորարների մասին, փոխարենը նշում է, որ սիրում է կատակերգական ժանրում ֆիլմեր նկարահանել. «Այդ ժանրի մեջ ինձ շատ հանգիստ եմ զգում, կարողանում եմ հասկանալ որ հատվածը կարող է ծիծաղելի լինել: Հայկական շուկայում այս ժանրն ավելի հայտնի է և սիրելի երիտասարդների շրջանում: Եթե ապագայում բախտ ունենամ, կցանկանայի այլ ժանրի ֆիլմեր էլ նկարահանել: Երիտասարդ տարիքում փորձել եմ այլ ժանրի ֆիլմ նկարահանել, բայց չի ստացվել, և հասկացել եմ, որ պետք է անել այն, ինչն ավելի լավ է ստացվում»:
Ամբողջությամբ՝ blognews.am