Е վիտամինը ճարպալուծվող է, բայց դրա յուրացման համար ամենևին պարտադիր չէ ընդունելուց հետո ճարպ ուտել կամ խմել: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The American Journal of Clinical Nutrition ամսագրում:
Հետազոտության առաջատար հեղինակ, Օրեգոն նահանգի համալսարանից Մարեթ Թրաբերի խոսքով՝ նույնիսկ եթե Е վիտամին ընդունելուց հետո 12 ժամ քաղցած մնաք, այնուհետև յուղով սնունդ ընդունեք, վիտամինը, միևնույն է, կյուրացվի:
Գիտնականները հետազոտության ընթացքում 18-40 տարեկան ճարպակալմամբ տառապող կանանց խմբին տվել են Е վիտամինի նշանակիր դեյտերիում (ծանր ջրածին)՝ ինչպես խմելու միջոցով, այնպես էլ ներերակային ներարկմամբ: Ստացած չափաքանակի մի մասը չի նյութափոխանակվում և օրգանիզմից դուրս է գալիս, որի քանակությամբ կարելի է հասկանալ, թե օրգանիզմն, այնուամենայնիվ, որքան Е վիտամին է յուրացրել: Մասնակիցները Е վիտամին ընդունելուց հետո խմել են հեղուկ սնունդ, որը պարունակել է 40 տոկոս ճարպ կամ ճարպ չի պարունակել: Այնուհետև գիտնականները փորձել են որոշել ճարպի դերակատարումը Е վիտամինի յուրացման գործում:
Պարզվել է, որ Е վիտամինը, հայտնվելով աղիների բջիջների մեջ, կարող է 12 ժամից ոչ պակաս այնտեղ «սպասել» սնունդի հաջորդ ընդունմանը: Ուստի այս վիտամինն ընդունելուց հետո իմաստ չունի շտապել անմիջապես ինչ-որ յուղոտ բան ուտել կամ խմել:
Հիշեցնենք, որ Е վիտամինը (հայտնի է նաև որպես ալֆա-տոկոֆերոլ) օրգանիզմում մեծ թվով կարևոր ֆունկցիաներ է կատարում: Այն հայտնի է նաև որպես ուժեղ հակաօքսիդանտ: Խորհուրդ է տրվում օրական 15 մգ Е վիտամին գործածել:
Այս վիտամինը պարունակվում է առավելապես ձիթապտղի յուղի, նուշի, արևածաղկի սերմերի, կանաչ տերևավոր բանջարեղենի և ավոկադոյի մեջ: