Սեր, վրեժ, արդարություն. «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն առաջիկայում կբարձրանա մեծ էկրան (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սեր, վրեժ, արդարություն. «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն առաջիկայում կբարձրանա մեծ էկրան

Իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական կինոնկարը, որը ներկայացնում է 1991-1992 թվականներին զենք վերցրած և Արցախում ազատագրական պայքար մղած հայ մարդու սխրանքները, հոկտեմբերի 4-ին կբարձրանա մեծ էկրան: Ֆիլմում կարմիր թելի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է հանուն պատմական արդարության:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում կինոնկարի գլխավոր հերոսուհուն` Սոնային մարմնավորած դերասանուհի Նարինե Գրիգորյանն ասաց, որ մեծ սիրով է աշխատել ֆիլմում:

«Ֆիլմի ստեղծման գաղափարի հեղինակ Շավարշ Վարդանյանը պատերազմը սեփական աչքերով է տեսել: Նա օպերատոր է և բացառիկ վավերագրական կադրեր ունի այդ իրադարձություններից: Սցենարը չափազանց կենդանի է»,-նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով իր կերտած կերպարին` դերասանուհին խոստովանեց, որ հիմնականում բարի, նուրբ կանանց է մարմնավորել, իսկ Սոնայի կերպարն իր համար նոր էր: «Հերոսուհին պատերազմում կորցնում է երեխաներին ու ամուսնուն: Նա լցվում է թշնամու հանդեպ վրեժխնդրությամբ ու սպանում է անգամ գերիներին: Սոնան իրականում եղել է, և Շավարշը ճանաչել է նրան»,-պատմեց Նարինեն ու հավելեց, որ համագործակցել է հոգեբանների հետ, որպեսզի լավ պատկերացնի Սոնայի հոգեվիճակը:

Նա շեշտեց, որ նկարահանումներից մեծ բավականություն է ստացել: «Հիշում եմ, երբ փոքր էի, ինձ դուր էին գալիս զինված մարդիկ: Պապիկիս հրացանն եմ հիշում, որը շատ ծանր էր. զարմանալի էր, որ տարիներ անց ես զենք վերցրեցի ձեռքս: Հետաքրքիր և հաճելի էր կրակել սովորելը»,-անկեղծացավ Գրիգորյանը: