Գաղտնիք չէ, որ քունը մարդու առողջ կենսագործունեության կարեւորագույն բաղադրիչներից է, բայց արդյոք բոլո՞րն են պահպանում քնի ռեժիմը: Իսկ երբեմն էլ անքնությունը գալիս է մեր կամքից անկախ…
Պետք է հասկանալ, որ երկարատեւ չքնելը հղի է մի շարք առողջական խնդիրներով: Մասնավորապես, անքուն անցկացրած 2-3 գիշերից հետո մարդու մոտ սկսվում են հոգեկան լուրջ շեղումներ՝ հալյուցինացիաներ, վարքագծի խախտումներ, հիշողության եւ ուշադրության փոփոխություններ: Առաջանում են նաեւ ֆիզիկական խնդիրները՝ բարձրանում է ճնշումն ու շաքարի մակարդակը, հորմոններն ակտիվանում են, ներքին օրգանները սթրեսի են ենթարկվում առանց հանգիստ գործելու արդյունքում:
Նորմայից քիչ քնելու պարագայում Ձեր մարմինն անընդհատ գերհոգնածություն է զգում, նկատվում է տրամադրության անկում, Դուք ջղագրգիռ եք դառնում: Բացի այդ, քիչ քնելու արդյունքում նկատվում է ախորժակի բարձրացում՝ հատկապես շաքարի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել գիրության:
Ուղեղի լավագույն աշխատանքի համար մարդը պետք է գիշերը 7-8 ժամ քնի: Չափից դուրս շատ կամ քիչ քունը կարող են հավասարապես վնասակար ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա:
Անքնությունը հաղթահարելու համար պետք է խուսափել՝
- Համակարգչի, սմարթֆոնի, պլանշետի լույսից
- Էլեկտրոնային սարքերը անկողին տանելուց
- Ուշ երեկոյան ալկոհոլ եւ սուրճ խմելուց