Հրանտ Վարդանյան․ Ինձ համար ամենակարևոր հանդիսատեսը հենց ինքը՝ Փելեշյանն է. kinoashkharh.am
Advertisement 1000 x 90

Հրանտ Վարդանյան․ Ինձ համար ամենակարևոր հանդիսատեսը հենց ինքը՝ Փելեշյանն է. kinoashkharh.am

Աստիճաններով 2-րդ հարկ՝ «Արև» ֆիլմ-ստուդիա. շագանակագույն կաշեպատ դուռը բացվում է, ներսում՝ մոնտաժի սեղանի առջև,  նստած է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը։ Համակարգչի էկրանին սև-սպիտակ ֆիլմի կադրեր են։ Հրանտ Վարդանյանը մոնտաժում է Արտավազդ Փելեշյանի մասին վավերագրական նոր ֆիլմը։ 30 րոպեից ավելին գրեթե պատրաստ է. բայց էլի են նկարահանումներ արվելու։ Ֆիլմի տևողությունը գրեթե մեկ ժամ է լինելու։ Սեպտեմբերն է. այն դեռ նկարահանվում-մոնտաժվում է։ Ֆիլմը հոկտեմբերին էկրան կբարձրանա։

-Պրն. Վարդանյան, գաղտնիք չէ, որ շատերն են փորձել Արտավազդ Փելեշյանի մասին ֆիլմ նկարել, բայց նա եզակի ռեժիսորների է թույլ տվել դա անել, այն էլ՝ յուրաքանչյուր կադր ու խոսք ֆիլմում ներառվել է իր գիտությամբ ու համաձայնությամբ։ Ձեր դեպքում Վարպետն ինչպե՞ս արձագանքեց։

2 տարի առաջ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու առաջարկով վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի հետ համատեղ սկսեցի ֆիլմի նկարահանումները։ Փաստորեն, սա «Հայկ» կինոստուդիայի և «Արև» ֆիլմ-ստուդիայի համատեղ նախագիծն է։ Վարպետի արձագանքը դրական է եղել, երբ իմացել է, որ իր մասին ֆիլմը ես եմ նկարելու։ Վարպետը սկզբում տեսել էր իմ «Սպիտակ գառան երազը», հետո՝ «Լույսի ձայներ» ֆիլմերը և շատ էր հավանել։ Դրանից հետո սկսվեց մեր մտերմությունը։ Թող մեծամիտ չհնչի. մենք լավ բարեկամներ ու ընկերներ ենք։ 2 տարի ես նրա կողքին եմ ու հպարտ եմ դրա համար։ Այդ մտերմությունն օգնեց, որ մենք մեկս մյուսիս  ճանաչենք, ու ես ֆիլմում ներկայացնեմ իմ ճանաչած Արտավազդ Փելեշյանին։

-Հայտնի է նաև, որ Արտավազդ Փելեշյանը չի սիրում մեդիա-դաշտում երևալ, հարցազրույց չի տալիս։ Բայց ենթադրում եմ, որ  Ձեր ֆիլմում  նրա  կենդանի խոսքի կարիքը եղել է. ինչպե՞ս եք լուծել այդ խնդիրը։

-Ես էլ գիտեի, որ նա հարցազրույց չի տալիս և այս ֆիլմի համար էլ չի տա։ Դրա համար էլ որոշեցի Արտավազդ Փելեշյանի  միջազգային վարպետության դաս կազմակերպել։ Ըստ իմ պատկերացրածի՝  նա կխոսեր  կինոյից, ես էլ կինոգիտնականի, կինոտեսաբանի նրա խոսքը կօգտագործեի  ֆիլմում։ Նախատեսել էի, որ վարպետության դասը կլինի օն-լայն, կմասնակցեն տարածաշրջանի երկրները։ Արդեն մտադիր էի նախապատրաստական, տեխնիկական  աշխատանքները ձեռնարկել, երբ անցյալ տարվա աշնանն իմացա, որ Փելեշյանը Լիսաբոնում վարպետության դաս անցկացնելու հրավեր է ստացել։ Ու մտածեցի, որ դա ավելի լավ տարբերակ է. Վարպետի և վարպետության դասի մասնակիցների միջև կենդանի շփում կլինի, ես էլ կնկարեմ։ Թեև անկախ ամեն ինչից՝ չէր խանգարի, որ օն-լայն տարբերակով էլ նա միջազգային վարպետության դաս անց կացներ. հետաքրքիր կլիներ, համենայն դեպս։ Վստահ եմ, որ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից ու այլ երկրներից բավականաչափ թվով մասնակիցեր կլինեն։

-Որտե՞ղ եք նկարահանումներ արել, Վարպետին ինչպե՞ս եք նկարել։

-Արև» ֆիլմ-ստուդիան նկարահանումներն սկսել է 2018 թվականի՝ Վարպետի 80- ամյակին նվիրված հոբելյանակական երեկոյից։ Այդ օրը սկսել ենք ու արդեն 2 տարի շարունակում ենք նկարել, իհարկե՝ ընդմիջումներով։ Նկարահանումներն անընդհատ չեն եղել. և՛ սպասումի, և՛ իրավիճակին ճիշտ արձագանքելու համար դադարների ժամանակներ են եղել։ Բարեբախտաբար, հաջողվեց  նաև Լիսաբոն մեկնել, որտեղ Արտավազդ Փելեշյանը վարպետության դաս անցկացրեց։ Մենք նկարահանել ենք նրա ու դահլիճի կենդանի շփումը, Վարպետի խոսքը, կինոյի մասին տեսական ու գործնական դիտարկումները։ Լիսաբոնում վարպետության դասին զուգահեռ  ցուցադրվեց նաև նրա ֆիլմը։ Նկարահանել ենք նաև այդ պատկերները։ Նաև Փարիզում ենք 4 օր անցկացրել։ Եղել ենք  Լյումիեր եղբայրների տանը, որի պատին համաշխարհային կինոարվեստում հիմնարար ավանդ ունեցող  կինոգործիչների անուններն են գրված։ Լյումիերների տունը միայն թանգարան չէ, այն կինոյի կենտրոն է, որտեղ փառատոն է անցկացվում, ֆիլմեր են ցուցադրվում. իմ կարծիքով այն կինոյի Մեքքան է։ Ի դեպ, Արտավազդ Փելեշյանը Լյումիերների մասին էլ իրեն հատուկ՝ կես կատակ-կես լուրջ  դիտարկում ունի։ «Կինոն հրեշ է,- ասում  է Փելեշյանը,- այնպիսի մի հրեշ, որ Լյումիեր եղբայրները կինոյի գյուտն անելուց հետո այլևս կինո չնկարեցին»։

Ամբողջությամբ՝ kinoashkharh.am