Դերասան Վիլեն Սարգսյանը, ով լսարանին առավել հայտնի է «Անուրջներ», «Բանակում», «Մեր գյուղը» հեռուստասերիալներից, եթերային դադարից հետո էկրան է վերադարձել «Թղթե երազանք» հեռուստանովելի շրջանակում։ Եթերային դադարը Վիլենը հիմնավորեց առաջարկների բացակայությամբ։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը խոսեց առաջարկներ չունենալու, թատրոնում զբաղվածության, հարսանիքներ չվարելու և հեռուստատեսային դաշտի մասին։
«Չեմ կարող հստակ ասել, թե ինչով է պայմանավորված առաջարկների բացակայությունը, սակայն կարող եմ ենթադրել, որ սերիալներ ու ֆիլմեր քիչ են նկարահանում, իսկ դերասանները շատ են։ Գուցե «Թղթե երազանք»-ից հետո կրկին երկար դադար ունենամ»,- ասաց Վիլենը։
Դերասանի հիմնական զբաղվածությունը Կամերային երաժշտական թատրոնում է։ Ըստ Վիլենի՝ անկախ ամեն ինչից նախընտրում է թատրոնը, բայց այդ ընտրությանն օբյեկտիվ բացատրություն տալ չի կարող։
«Մեկի մոտ հեռուստատեսային առաջարկները շատ են լինում, մյուսի մոտ՝ քիչ: Հնարավոր է՝ դրանով էլ որոշվում է՝ ժամանակն առավել թատրոնի՞ն են տրամադրում, թե՞ սերիալին կամ գեղարվեստական ֆիլմին։ Իմ դեպքում ինքնաբերաբար է ստացվել թատրոնի գերակայությունը, քանի որ առաջարկներ չկան։ Առհասարակ, թատրոնի մասին պետք է խոսեն այն մարդիկ, որոնք ինչ-որ մի բան արել են թատրոնի համար։ Չեմ կարծում, որ ես հասցրել եմ ինչ-որ բան անել: Լինելով բեմում՝ չեմ կարող ասել, որ հանդիսատեսի հետաքրքրութունը մեծացել է թատրոնի հանդեպ։ Իմ համոզմունքն է, որ հակառակը՝ մարդիկ չեն ընկալում թատրոնը, չեն սիրում, գուցե, տեղն էլ չգիտեն»,- ասաց դերասանը։
Ամբողջությամբ՝ life.tert.am