Մոդել Թերեզա Մարտիրոսյանը Թուրքիայում կայացած Photomodel Universe մրցույթում ճանաչվել է «Առաջին Վիցե Միսս» եւ հաղթել «Տաղանդ»-ի փուլում։ Մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 18-ից 28-ը։ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին առաջ է անցել 51 մասնակցից․ Հաղթող ճանաչվել է Պորտուգալիայի ներկիայացուցիչ Սարա Լեոնորը։
«Մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել եմ Համաշխարհային նորաձեւության եւ գեղեցկության լիգայի նախագահ Աշոտ Խաչարյանից։ Տպավորություններս շատ լավն են։ Ժամանակ ունեցանք ոչ միայն փորձերի եւ ծանոթության, այլեւ հանգստանալու եւ պատմական վայրեր այցելելու համար։ Եթե անկեղծ՝ սպասում էի առաջին մրցանակին, հույս ունեի, որ դատարկաձեռն չեմ վերադառնա, որ կհայտնվեմ լավագույն եռյակում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվեց 28-ամյա մոդելը, որը ժյուրիին գրավել է ոչ միայն արտաքին, այլեւ ձայնային տվյալներով։
«Տաղանդի փուլում ներկայացել եմ օպերային կատարումով․ այդ օրվանից հետո բոլորը, ովքեր ներկա էին մրցույթին, մոտեցան, գովաբանեցին ինձ եւ հետաքրքրվեցին, թե ինչու չեմ շարունակում երգեցողության ուղին։ Այդքանը լսելուց հետո համոզվեցի, որ կարեւոր է զբաղվել նրանով, ինչ սիրում ես, ինչ քո հոգուն մոտ է։ Հետագայում, միգուցե, մտածեմ այդ ուղղությամբ։ Թարմ ուժերով կվերադառնամ՝ հասկանալու, թե ինչով եմ ցանկանում զբաղվել հետագայում։ Այս անգամ վստահ եմ, որ սա կլինի իմ մասնակցությամբ վերջին մրցույթը․ նախ՝ արդեն 28 տարեկան եմ, բացի այդ՝ Թուրքիայում մասնակցել մրցույթի եւ գրավել առաջին տեղը, դա արդեն շատ կարեւոր է՝ թե մեր երկրի, թե ինձ համար»։
Ամբողջությամբ՝ style.news.am