Շատերը նախընտրում են ամառային արձակուրդներն անցկացնել արտերկրում, ուր մեկնելու համար երբեմն ստիպված են ժամեր անցկացնել ինքնաթիռում: Անգամ 4-5 ժամ ինքնաթիռում անշարժ նստելը կարող է անհարմարություններ առաջացնել օրգանիզմի համար: Բանն այն է, որ նույն դիրքում երկար նստած մնալու դեպքում մարդու ոտքերն այտուցվում են, ցանկություն է առաջանում պառկելու կամ քայլելու: Բացի այդ, ինքնաթիռում օդը շատ չոր է, հետեւաբար՝ օրգանիզմը ջրազրկվում է: Պետք է շատ հեղուկ խմել, սակայն ոչ թե թեյ/ սուրճ կամ քաղցր հյութեր, այլ սովորական ջուր: Խորհուրդ չի տրվում նաեւ ալկոհոլ օգտագործել:
Ապացուցված է, որ 4 ժամից ավելի թռիչքները մեծացնում են թրոմբների առաջացման ռիսկը: Անգամ եթե վարիկոզի խնդիր չունեք, ցանկալի է ինքնաթիռով թռչելիս կոմպրեսային գուլպաներ կրել: Հաշվի առնելով այն, որ երկար եք նստած մնալու, պետք է ընտրել հարմարավետ հագուստ եւ կոշիկ, որոնք չեն նեղի:
Նստած դիրքում պետք է որոշ վարժություններ անել, շարժել ոտքերը, ձեռքերը, պարանոցը եւ այլն: Փորձեք որքան հնարավոր է շատ շարժվել, երբեմն-երբեմն քայլել ինքնաթիռում, գնալ զուգարան:
Ապահովեք ձեր լավ եւ որակյալ քունը: Դա հնարավոր է միայն կատարյալ մթության պայմաններում, սակայն ինքնաթիռում լույսեր կան, հետեւաբար՝ աչքերի համար դիմակ կրեք:
Չարժե շատ ուտել թռիչքից առաջ եւ ընթացքում, քանի որ սնունդը կարող է մեծացնել գազերի առաջացումը, որն առանց դրա էլ մեծանում է բարձրության վրա: