Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջի մոտ 150 մլն հետևորդների հետ կիսվել է Հայաստան կատարած վերջին այցի հիշարժան դրվագներով, ստացած հայկական նվերներով:
Քարդաշյանն ինստագրամի «Սթորի» բաժնում կիսվել է քրոջ՝ Քորթի Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ այցից հետո հրապարակած լուսանկարով: Լուսանկարը մակագրված է «Ի հիշատակ 1.5 միլիոն հայերի, ովքեր կոտորվել են»:
Քարդաշյանը հրապարակել է նաև Երևանում «PicsArt»-ի գրասենյակում աշխատակիցների հետ արված լուսանկարը: Հեռուստաաստղը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխատողների 51 տոկոսը կանայք են՝ նշելով,որ հպարտանում է այդ հիանալի թիմով:
Քարդաշյանն իր հետևորդներին է ներկայացրել նաև Հայաստանում ստացած նվերները: Դրանցից մեկը իր ծաղրանկարն է, որի հետևի ֆոնին հայոց եռագույնն է: Հայ երկրպագուները հեռուստաաստղին նվիրել են նաև հայկական տառերով պայուսակներ, տնային պայմաններում պատրաստված օճառներ, զարդեր, որոնք տեսանելի են հրապարակված տեսանյութում: