YouTube-ում հրապարակվել է ռեժիսոր եւ սցենարիստ Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը» կենսագրական ֆիլմի թրեյլերը, որը մեծամասամբ նվիրված է տիտղոսակի ստեղծագործության ստեղծման պատմությանը։ Առանց չափազանցնելու՝ գլուխգործոց, որը ծանոթ է գրեթե յուրաքանչյուրին։
Ժապավենի գործողությունները տեղի են ունենում 1942թ.-ին Մոլոտովում (Պերմ), ուր Խաչատրյանը Կիրովի անվան Լենինգրադի օպերային եւ բալետի ակադեմիական թատրոնի (Մարինյան թատրոն) հետ միասին էվակուացիայի մեջ էր։ Այնտեղ «Գայանեի» վերջին փորձից առաջ կոմպոզիտորը տնօրինությունից անսպասելիորեն հրաման է ստանում եւս մեկ պար ստեղծել բալետի՝ արդեն իսկ պատրաստ եզրափակիչ մասի համար, գրում է RG-ն։
Արդյունքում Խաչատրյանը, որի կերպարը մարմնավորում է Համբարձում Կաբանյանը, ամենահայտնի ստեղծագործությունը կգրի ընդամենը ութ ժամվա ընթացքում։
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժկովը, Վադիմ Սկվիրսկին, Ալեքսեյ Նազարովը, Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Իլին կրտսերը եւ հունիսին կյանքից հեռացած Ալեքսանդր Կուզնեցովը, որը ֆիլմում խաղացել է իր վերջին դերերից մեկը։
Պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 7-ին։