Դանդիի համալսարանը մարդու հոգեբանության հետաքրքիր առանձնահատկություն է նշել. ավելի քան 3 վայրկյան տևողությամբ ձեռքսեղմումը անհանգստության զգացողություն է առաջացնում և կարող է բացասաբար անդրադառնալ հետագա փոխհարաբերությունների վրա ինչպես կյանքում, այնպես էլ աշխատանքում։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այդ հետազոտությունը գիտնականները որոշել են անցկացնել՝ հետաքրքրված լինելով ԱՄՆ նախագահի վարքագծով։ Հայտնի է, որ Դոնալդ Թրամփը հաճախ սիրում է երկարատև ձեռքսեղմումները։ Երբեմն նրա ձեռքսեղմումը տևում է ավելի քան 13 վայրկյան։
Հետազոտության շրջանակում 34 մարդ (25 կին, 9 տղամարդ) նկարագրել են մասնագետներին իրենց հուզական վիճակը ձեռքսեղմումից առաջ և հետո։ Պարզվել է, երբ մարդիկ 3 վայրկյանից երկար են միմյանց ձեռք սեղմում, նրանք գրեթե դադարում են ժպտալ և սկսում են տագնապել։ Ոչ երկարատև ձեռքսեղմման ժամանակ նրանք իրենց շատ ավելի հարմարավետ են զգացել։
Հոգեբանները պարզաբանում են. երբ մարդիկ երկար են միմյանց ձեռք սեղմում, դա նրանց վստահելի հարաբերությունների մասին միայն խաբուսիկ զգացողություն է առաջացնում։ Քաղաքական գործիչներն, օրինակ, նախընտրում են երկարատև ձեռքսեղմումները, որպեսզի ցուցադրեն իրենց իշխանությունն ու հեղինակությունը։ Բայց դա կարող է բացասաբար անդրադառնալ աշխատանքային հարաբերությունների վրա, ընդգծում են փորձագետները։