Հոկտեմբերի 21-ից «Շանթի» եթերում կլինի «Երկուսով» նոր հեռուստասերիալը, որի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին դեռևս օգոստոսին: Սակայն նախագծի առաջին մանրամասները և այն, ինչ հեռուստադիտողները կտեսնեն եթերում, տարբերվում են իրարից: Մասնավորապես, պատմության գլխավոր հերոսին մարմնավորում էր Բեն Ավետիսյանը, նրա ընկերոջը՝ Էդգար Իգիթյանը: Նախագծի առաջին սերիաներն արդեն նկարահանվել էին, սակայն ավելի ուշ դերասանները փոխվել են: Բեն Ավետիսյանի փոխարեն ընտրվել է Զիրոյանը, Էդգար Իգիթյանի փոխարեն՝ Հայկ Հովհաննիսյանը, և նկարահանումները սկսվել են 0-ից:
Թեման պարզաբանելու համար Tert.am Life-ը զրուցել է հեռուստանովելի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանի հետ:
«Ես չէի ասի, որ խնդիր կա, պարզապես, մեր առաջ կար առաջադրանք ներկայացնելու բարձր որակի աշխատանք, որը մեր նախորդ գործերին չի զիջի ոչ որակային, ոչ էլ թեմատիկ առումով և ավելի լավը կլինի: Աշխատանքները սկսեցինք դերասանական կազմի հետ, որի հետ համաձայնության էինք եկել, սակայն ընթացքում կարիք եղավ նոր քասթինգ անելու և ամեն ինչ 0-ից սկսելու»,- ասաց Անին:
Դիտարկմանը, որ իրենք արդեն սկսել էին նկարահանումները, հայտարարել էին դերասանների անունները, ոչ Բեն Ավետիսյանի, ոչ էլ Էդգար Իգիթյանի հետ իրենց թիմն առաջին անգամ չէր աշխատում, առանց լուրջ պատճառի նման փոփոխություններ չեն արվում, Անին արձագանքեց, որ ի սկզբանե փոխվել է նախագծի ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանի փոխարեն նախագիծը հանձնվել է Արամ Շահբազյանին:
«Բաժանվել ենք բարիդրացիական նոտայի վրա: Փոխվեց նախագծի ռեժիսորը, իսկ նման փոփոխությունը չի կարող անհետևանք մնալ: Սրանք դերասանների և անձնակազմի ներքին պայմանավորվածության հարցեր են, որոնք բարձրաձայնել չենք կարող»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am.life