Ինչո՞ւ են տղամարդիկ ավելի հեշտ հրաժարվում ծխելուց, քան կանայք
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են տղամարդիկ ավելի հեշտ հրաժարվում ծխելուց, քան կանայք

Սովորաբար տղամարդիկ ավելի հեշտ են հրաժարվում ծխելուց, քան կանայք, պարզել են Սուրբ Միխայիլի հոսպիտալից կանադացի մասնագետները: Ըստ վիճակագրության՝ տղամարդկանց համեմատ կանայք 2 անգամ ավելի հազվադեպ են ծխելուց հրաժարվում:

Մասնագետները հետազոտություն են կատարել մասնագիտացված կլինիկա հաճախող 233 մարդու մասնակցությամբ (65 տոկոսը տղամարդիկ, որոնց միջին տարիքը 56 տարեկան էր): Կամավորները հետազոտության սկզբում ծխել են օրական միջինը 18 ծխախոտ (միջինը 37 տարի շարունակ): Ընդ որում՝ նրանց 66 տոկոսը տառապել է դիսլիպիդեմիայով, 66 տոկոսը՝ հիպերտոնիայով, 44 տոկոսի մոտ առկա էին սրտի և անոթների հիվանդություններ, իսկ 28 տոկոսին դեպրեսիա էր ախտորոշված:

Բոլոր պացիենտները դեղեր էին ստանում, որոնք պետք է օգնեին ծխելուց հրաժարվելուն (նիկոտինափոխարինող թերապիա): Կես տարի հետո 58 մարդ (25 տոկոսը) կարողացել է ծխելուց հրաժարվել, իսկ 68 մարդ (29 տոկոսը) ծխախոտի ամենօրյա թիվը ավելի քան կեսով կրճատել է:

Ընդ որում՝ ծխելուց հրաժարվածների մեծամասնությունը տղամարդիկ էին, իսկ կանանց համար ավելի բարդ է դա անել, բայց առայժմ դժվար է ասել՝ ինչու: Ի դեպ, կանանց շրջանում դեպրեսիան 2 անգամ ավելի հաճախ է հանդիպում (41 տոկոս ընդդեմ 21 տոկոսի), և նրանք սկզբունքորեն ավելի հազվադեպ են կլինիկա այցելում:

Հիշեցնենք, որ մասնագետների պնդմամբ՝ երբեք ուշ չէ ծխելուց հրաժարվելը. նույնիսկ տարեցների ծխելուց հրաժարվելը առողջական վիճակը զգալիորեն բարելավում է, ուստի բժիշկները կոչ են անում այս սովորությունից հրաժարվել հնարավորինս արագ և դրա համար անել հնարավոր ամեն ինչ:

med.news.am