Կոֆեինի կեսի ազդեցության անկման շրջանը կազմում է մոտ 4-6 ժամ, հավաստիացնում են Մթերքների և դեղերի վերահսկողության ամերիկյան վարչության (FDA) մասնագետները։ Դա կարող է բացատրել, թե ինչու որոշ մարդիկ չեն կարողանում քնել գիշերը, եթե ցերեկը սուրճ են խմել։
Եվ այսպես, օրվա ո՞ր ժամին է ավելի ճիշտ սուրճ խմել, որպեսզի առաջ չգա որևէ խնդիր։
Սուրճ օգտագործելուց մոտ 14-45 րոպե հետո մարդիկ սովորաբար սկսում են զգալ կոֆեինի առույգացնող էֆեկտը։ Բայց օրգանիզմին ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի կոֆեինը լիովին «քայքայվի»։ Դա նշանակում է, որ կոֆեինի մոտ կեսը կիրառումից հետո դեռևս գտնվում է արյան մեջ։
Մասնագետների խոսքով, եթե մարդն առավոտյան ժամը 10-ին սուրճ է խմում, որի մեջ 100 մգ կոֆեին կա, երեկոյան ժամը 10-ին նրա օրգանիզմում մնում է մոտ 25 մգ ակտիվ կոֆեին։ Եթե սուրճը խմես 16.00-ին, ապա 6 ժամ անց արյան մեջ կմնա մոտ 50 մգ կոֆեին, անգամ ավելի, քան էներգետիկ ըմպելիքում։
Մասնագետների խոսքով՝ բոլոր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում կոֆեինին։ Կոֆենի հանդեպ զգայականության և այն բանի վրա, թե որքան արագ կարող է մարմինը քայքայել այդ նյութը, ազդում է տարիքը։ Բացի այդ, կոֆեինի հանդեպ զգայականությունը կախված է այն բանից, թե որքան հաճախ է այն կիրառվում. կանոնավոր ընդունելու դեպքում օրգանիզմը դրան վարժվում է։
Կոֆեինի ազդեցությունը քնի վրա նույնպես անհատական է. ինչ-որ մեկին այն կարող է խանգարել, ինչ-որ մեկին՝ ոչ։
«Եթե քնելու հետ կապված խնդիրներ չունեք, և գիշերվա քնից հետո ձեզ լավ հանգստացած եք զգում ողջ օրվա ընթացքում, դուք կարող եք սուրճ խմել նաև օրվա վերջում»,- ասել է Կալիֆոռնիայի UC Davis Health-ի դոցենտ, դոկտոր Սամփաթը։
Հակառակ դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել վերջին գավաթ սուրճը քնելուց առնվազն 8-10 ժամ առաջ։ Իսկ քնի հետ կապված խնդիրների առկայության դեպքում խորհուրդ է տրվում լիովին հրաժարվել սուրճից։