Ամերիկացի դերասանուհի Ջեյն Ֆոնդան յուրաքանչյուր ուրբաթ օր մասնակցում է ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ անցկացվող ակցիաներին ի պաշտպանություն շրջակա միջավայրի: Նրան ամեն անգամ դրա համար ձերբակալում են կարգի պահապանները, բայց դերասանուհին մտադիր է շարունակել իր արշավը, եւ չի բացառում, որ իր 82-րդ ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ը, կդիմավորի ճաղերի հետեւում:
Այդ մասին հայտնել է The New York Times թերթը, նշելով, որ Ֆոնդան այդ ակցիաներն անցկացնում է սեպտեմբերից ի վեր: Անցած ուրբաթ օրը նա եղել է մի քանի էկոակտիվիստների թվում, որոնք ձերբակալվել են Կապիտոլիումի բլրի Hart շենքի ճեմասրահում, որտեղ գտնվում են սենատորների գրասենյակները:
Նրան ուղեկցող դերասանուհիներին՝ Քեթրին Քիներին եւ Ռոզաննա Արքեթին, բաց են թողել, նշանակելով տուգանքներ, իսկ Ֆոնդան գիշերն անցկացրել է բանտում. հաջորդ օրը նրան դատական լսումներ Էին սպասում նրա նախորդ ձերբակալության առնչությամբ:
«Աստղերի մասնակցությունը բողոքի ակցիաներին ուշադրություն է գրավում,- նշել է The New York Times-ը,-եւ Ջեյն Ֆոնդան չի թաքցնում, որ օգտվում է այն առավելություններից, որոնք ինքն ունի: Նա էլեկտրամոբիլ է վարում, չի օգտագործում պլաստիկե առարկաներ, ուտելիքի մեջ հնարավորինս քիչ է միս օգտագործում եւ սահմանափակում է ինքնաթիռով իր թռիչքները. ի տարբերություն մյուս աստղերի, որոնք օգտվում են մասնավոր ինքնաթիռներից, նա թռչում է միայն սովորական առեւտրային չվերթներով: Նրա խոսքով՝ ինքը մասնակցում է բողոքի ակցիաներին, որովհետեւ կարծում է, որ կարող է ավելի շատ օգուտ տալ»:
«Ինչո՞ւ աստղ լինել, եթե չես կարող փառքդ որպես լծակ օգտագործել կարեւոր նպատակի հասնելու համար»,- թերթը մեջբերել է նրա խոսքը: Ջեյն Ֆոնդան «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր է «Կլյուտ» (1972 թ.) եւ «Վերադարձ տուն» (1979 թ.) ֆիլմերի համար: Նա արժանացել է յոթ «Ոսկե գլոբուս» մրցանակի (1962, 1972, 1973, 1978, 1979՝ կրկնակի, 1980 թթ.), Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի երկու BAFTA մրցանակի: Նա ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ եւ հանդես է գալիս ի պաշտպանություն կանանց իրավունքների: