Ավելի քան կես միլիոն բրիտանացիների ԴՆԹ-ների հետազոտությունը գիտնականներին օգնել է ապացուցելու, որ ծխելը նպաստում է ընկճախտի և շիզոֆրենիայի զարգացմանը՝ գրեթե կրկնապատկելով այս հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը: Այդ մասին գրել են գենետիկները, որոնք հոդված են հրապարակել Psychological Medicine հանդեսում:
«Հոգեկան հիվանդություններ կրողները հաճախ են անտեսվում ծխելու և մյուս վնասակար սովորույթների դեմ պայքարելիս: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ծխախոտից հրաժարվելը պետք է բարելավի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջությունը բոլոր կատեգորիաների մարդկանց շրջանում, այդ թվում նաև՝ ընկճախտով և շիզոֆրենիայով հիվանդների»,- նշում է Բրիսթոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակից Ռոբին Վութոնը, որի խոսքը մեջբերում է բուհի մամուլի ծառայությունը:
Գիտնականների ընթացիկ գնահատումներով՝ շիզոֆրենիայով այժմ տառապում է մոլորակի մոտավորապես 21 մլն բնակիչ, ընդ որում՝ նրանց կեսը պատշաճ օգնություն չի ստանում պետությունից և բժշկական ծառայություններից: Շիզոֆրենիայով տառապողների զգալի մասը բաժին է ընկնում 15-ից մինչև 35 տարեկան երիտասարդներին: Առայժմ նեյրոֆիզիոլոգները չեն կարող ստույգ ասել, թե ինչպես են առաջանում նման խանգարումները և ինչպես է հարկավոր դրանք բուժել:
Վերջին տարիներին գենետիկները գտել են մի քանի տասնյակ գեներ, որոնք համեմատաբար թույլ են կապված շիզոֆրենիայի հետ, սակայն գիտնականները չեն կարողացել ասել, թե ԴՆԹ-ի այդ տեղամասերում ինչպես են մուտացիաներն առաջացնում շիզոֆրենիա և ինչպես կարելի է հաղթահարել դրանց ի հայտ գալու հետևանքները: Վութոնը և նրա գործընկերներն արդեն երկար տարիներ փորձում են ոչ միայն բացահայտել տարբեր հիվանդությունների հետ կապված մուտացիաների արմատները, այլև հասկանալ, թե հատկապես ինչ փոփոխություններ են դրանք առաջացնում մարդու ուղեղի և մյուս օրգանների աշխատանքում: Ուսումնասիրելով հավաքված տվյալները՝ գենետիկներն ուշադրություն են դարձրել հետաքրքիր օրինաչափության վրա՝ շիզոֆրենիայով հիվանդաները և ընկճախտով տառապողները զգալիորեն ավելի հաճախ են ծխել, քան գենետիկական հետազոտությունների մյուս մասնակիցները: Վերլուծությունը ցույց է տվել, որ ծխելն իսկապես կտրուկ ուժեղացրել է վերի նշված երկու հիվանդությունները ձեռք բերելու հավանականությունը:
Մասնավորապես, ծխող բրիտանացիները մոտավորապես 2,27 անգամ ավելի հաճախ են հիվանդացել շիզոֆրենիայով և գրեթե կրկնակի ավելի հաճախ են հայտնվել խրոնիկական ընկճախտի ճիրաններում, քան հետազոտության չծխող մասնկիցները: