Հաճախ է ասվում, որ պետք է օրական երկու լիտր ջուր խմել։ Արդյո՞ք ճիշտ է այդպես վարվելը, արդյո՞ք օրգանիզմում խոնավության ավելցուկը չի վնասի առողջությանը։
Իրականում օրգանիզմի գերխոնավացումը կարող է նույնքան վնասակար լինել, որքան ջրազրկումը։
Ջրի քանակի վերաբերյալ կարծիքները տարամետ են։ Ոմանք ասում են, որ պետք է օրական չորս բաժակից ավել ջուր խմել, որքան շատ, այնքան լավ։ Նրանց կարծիքով այդ նպաստում է օրգանիզմի մաքրմանը։ Այդ քանակը, սակայն, հակացուցված է երիկամների հիվանդությունների, այտուցվելու հակում ունենալու և մի շարք այլ խնդիրների դեպքում։
Բացի այդ, հեղուկի ավելցուկը նպաստում է օրգանիզմից հանքանյութերի ու օգտակար նյութերի հեռացմանը։ Լավագույն չափը մարմնի զանգվածի 1կգ-ին 30մլ հաշվարկովն է։
Այսինքն երկու լիտր կարելի է խմել, եթե 70կգ եք։ Հաշվի առեք միայն, որ եթե տաք կլիմայական պայմաններում եք ապրում, զբաղվում եք սպորտով ու ակտիվ ապրելակերպ եք վարում, պետք է շատացնեք ջրի քանակը։
Պետք չէ սպասել ծարավելուն ու նոր միայն ջուր խմել։ Բերանի չորությունը ջրազրկվածության նշան է, թույլ մի տվեք, որ օրգանիզմը տագնապի ազդանշան տա։ Ավելի լավ է քիչքիչ խմեք օրվա ընթացքում։ Եթե չի ստացվում, փորձեք ըստ ժամի խմել, ինչպես դեղորայքը։
Մի քանի խորհուրդ
Օգտակար կլինի, եթե մեկ-երկու բաժակ ջուր խմեք արթնանալուն պես։ Այդպիսով կօգնեք լավացնել նյութափոխանակությունն ու օրգանիզմի մաքրումը թունավոր նյութերից։
Ջուրը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի։
Հարկավոր է ջուրը փոքր կումերով խմել երիկամների աշխատանքը չծանրաբեռնելու համար։
Թեյը, սուրճն ու հյութերը չեն փոխարինում մաքուր ջրին, քանի որ միզամուղ ազդեցություն են թողնում։
Ի՞նչ ջուր խմել
Ծորակի ջուրը տարբեր նյութերով մշակված ջուր է ու օրգանիզմից արագ չի հեռանում, ինչը կարող է հանգեցնել երիկամների խնդիրների, այտուցվածության։ Հանքանյութերով հարստացված ջուրը խմեք բժշկի հետ խորհրդակցելուց հետո միայն։ Կալցիումով հարուստ ջուրն օգնում է ապահովել ոսկորների ամրությունը, իսկ մագնիումովն օգնում է ազատվել փորկապությունից։