«Ջոկեր»-ի ռեժիսորը պատմել է, թե ինչպիսին է լինելու սիքվելը
Advertisement 1000 x 90

«Ջոկեր»-ի ռեժիսորը պատմել է, թե ինչպիսին է լինելու սիքվելը

«Ջոկեր»-ի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը Los Angeles Times հրատարակությանը տված հարցազրույցում բացահայտել է ֆիլմի հնարավոր սիքվելի մանրամասնությունները:

Նա ճշտել է, որ ֆիլմի շարունակության աշխատանքը դեռեւս չի սկսվել, բայց ինքն առարկություններ չունի այդ գաղափարի կապակցությամբ. «Եվ, այնուամենայնիվ, մենք չենք կարող պարզապես խելահեղ կինո ստեղծել ծաղրածուի՝ հանցագործ աշխարհի արքայազնի մասին: Այն պետք է ունենա իր ռեզոնանսային թեման, ինչպես ուներ առաջին «Ջոկեր»-ը: Կարծում եմ՝ հենց դրա համար է ֆիլմն այդքան լայն արձագանք գտել: Բազմաթիվ կինոնկարներում խոսքը կայծի մասին է, այլ ոչ թե վառոդի: Եթե մեզ մոտ կրկին այդպես ստացվի, հետաքրքիր կլինի»: Գլխավոր դերում Հոաքին Ֆենիքսի մասնակցությամբ ժապավենի պրեմիերան հաջողությամբ է անցել Վենետիկի փառատոնում: Բայց ավելի ուշ հանդիսատեսներն սկսել են անհանգստություն հայտնել, որ դրանում բազմաթիվ դաժան տեսարաններ կան, եւ խոսել այն մասին, որ հանրությանը Ջոկերի արյունալի վրեժխնդրությունը ցուցադրելը անպատասխանատու է եւ վտանգավոր:

Վերջին հաշվով, Ֆիլիպսի խոսքով, ֆիլմը «ոչ թե բռնության, այլ բարության ուժի եւ աշխարհում էմպատիայի պակասի մասին է, եւ հանդիսատեսները դա նկատել են: Զարմանալի է, որ կինոնկարը, որը կարող էր անկարգություններ հրահրել, բերել է սոսկ այն բանին, որ մարդիկ սկսել են պարել աստիճանների վրա»:

«Ջոկեր»-ը դարձել է R վարկանիշով ամենահաջողված նախագիծը. շատերն այն համարում են «Օսկար» մրցանակի առավել հավանական հավակնորդը: