Հինգ դեռահասից չորսի առողջությունը տուժում է քիչ շարժունակ կենսակերպի պատճառով. ԱՀԿ
Advertisement 1000 x 90

Հինգ դեռահասից չորսի առողջությունը տուժում է քիչ շարժունակ կենսակերպի պատճառով. ԱՀԿ

Ժամանակակից դեռահասները վարում են քիչ շարժունակ կենսակերպ, ֆիզկուլտուրայով չեն զբաղվում և երկար են նստում, ինչը նրանց առողջությունը լուրջ վտանգի է ենթարկում: Այսպիսի եզրակացության են հանգել Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, որոնք իրենց նոր հետազոտությունը հրապարակել են Lancet Child and Adolescent Health ամսագրում:

Հետազոտությունը ներառել է աշխարհի 146 երկրից 1,6 մլն մարդու տվյալները: Ըստ դրա արդյունքների՝ 11-17 տարեկան դեռահասների 80 տոկոսից ավելին օրական նվազագույնը մեկ ժամ ֆիզիկական ակտիվություն «չի լրացնում»:

«Հինգ դեռահասից չորսը պարբերական ֆիզիկական ակտիվությունից չի ստանում ֆիզիկական և հոգեկան առողջության համար այն օգուտը, որը կարող էր ստանալ»,- ասել է հետազոտության համահեղինակ Ֆիոնա Բուլլը:

Հետազոտության համաձայն՝ ամբողջ աշխարհում աղջիկները տղաներից պակաս ակտիվ են. ԱՀԿ նորմերին չի համապատասխանել աղջիկների 85 տոկոսի և տղաների 78 տոկոսի ֆիզիկական ակտիվությունը: Չնայած իրավիճակը բավականին անմխիթարական է աշխարհի բոլոր երկրներում, որոշ երկրներում այն ավելի վատթար է, քան մյուսներում: Այսպես՝ Բանգլադեշում բավարար շարժուն չէ դեռահասների 66 տոկոսը, իսկ Հարավային Կորեայում՝ ամբողջ 94 տոկոսը:

Դեռահասներին քիչ շարժունակության են դրդում ավելի հաճախ ժամանակակից տեխնոլոգիաները. դեռահասները չափից ավելի շատ ժամանակ են անցկացնում սմարթֆոններով կամ այլ սարքերով:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ կախված ակտիվության անկման աստիճանից, աճում է ճարպակալման մակարդակը: Ըստ ԱՀԿ-ի՝ ֆիզիկական ակտիվությունը մեծ քանակությամբ օգտակար արդյունքներ ունի, ներառյալ սրտի, անոթների, թոքերի և ոսկորների առողջության բարելավումը:

med.news.am