Ինչպես ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ վարակվել ՄԻԱՎ-ով
Advertisement 1000 x 90

Ինչպես ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ վարակվել ՄԻԱՎ-ով

Թեև այսօր տեղեկատվության հասանելիության խնդիր չկա, համենայնդեպս՝ Հայաստանում, բայց շատերն առաջվա պես անհրաժեշտ գիտելիքներ չունեն այն մասին, թե ինչպես կարելի է վարակվել ՄԻԱՎ-ով, իսկ ինչպես՝ ոչ։ Արդյունքում՝ շատերը վախենում են սեղմել ՄԻԱՎ ունեցող մարդկանց ձեռքը, փոխարենը չեն վախենում առանց պահպանակի սեռական ակտերից։

Եվ այսպես, ինչպես ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ վարակվել ՄԻԱՎ-ով։

Շփում

ՄԻԱՎ-ով վարակվել վարակված մարդկանց հետ շփման ժամանակ անհնար է, ուստի պետք չէ խուսափել նման մարդկանցից։ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։

Գրկախառնումներ, ձեռքսեղմումներ

Գրկախառնումների և ձեռքսեղմումների ժամանակ նույնպես անհնար է վարակվել. ՄԻԱՎ-ի փոխանցման համար անհրաժեշտ է շփում արյան կամ սեռական օրգաններից արտադրության (քսուք, սերմնահեղուկ) միջոցով, հենց դրա համար չպաշտպանված սեքսը վտանգավոր է ՄԻԱՎ և այլ վարակների փոխանցման առումով, իսկ սովորական գրկախառնումներն ու ձեռքսեղմումները՝ ոչ։

Սեղանի ընդհանուր պարագաներ

Սեղանի ընդհանուր պարագաներ օգտագործելիս նույնպես անհնար է վարակվել ՄԻԱՎ-ով, չէ՞ որ մարդու թքի մեջ վիրուսները չափազանց քիչ են վարակելու համար, ավելին, օրգանիզմից դուրս վիրուսները շատ քիչ են ապրում։ Ի դեպ, համբույրները ՄԻԱՎ ունեցող մարդկանց հետ նույնպես անվտանգ են։

Լողավազաններ, մարզադահլիճներ

Լողավազաններում և մարզադահլիճներում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը զրոյական է, եթե, ինչպես ընդգծում են մասնագետները, հենց մարզվելու համար եք այդ վայրերում, այլ ոչ թե սեքսով զբաղվելու։

Հիշեցնենք, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել չպաշտպանված սեռական ակտի ժամանակ, վարակված արյան միջոցով (ներարկում, ընդհանուր ներարկիչների օգտագործում և այլն), ինչպես նաև վարակը կարող է փոխանցվել մորից երեխային ծննդաբերության և կրծքով կերակրման ժամանակ։

med.news.am