Աշխարհում ամենաթանկ սուրբծննդյան տոնածառը, որը գնահատվում է 14 միլիոն դոլար, տեղադրված է Իսպանիայի Մարբելյա առողջարանային քաղաքի «Կեմպինսկի Բայա» հյուրանոցում: Այդ մասին հայտնել է Daily Mirror թերթը:
Ավելի քան 6 մետր բարձրությամբ արտասովոր տոնածառը, որը շողշողում է Սվարովսկիի 3 հազար բյուրեղներով, զարդարված է ջայլամների իսկական ձվերով, որոնք պատված են ոսկու նրբագույն թիթեղիկներով և ալմաստի փոշով, երկնագույն շափյուղաներով և ադամանդներով պատրաստված մանրիկ խաղալիքներով և ձևավորված է շքեղ գործվածքներով:
Կանաչ գեղեցկուհին գտնվում է շուրջօրյա պահպանության ներքո: Կաշվի, ազնվաքիսի մորթու օգտագործմամբ հիանալի խաղալիքների, ինչպես նաև այնպիսի հայտնի տների թանկարժեք զարդերի ստեղծման համար, ինչպիսիք են Cartier-ն, Chanel-ը և Louis Vuitton-ը, բրիտանացի նկարչուհի Դեբի Ուինգեմը ծախսել է մեկ ամիս:
Մոտեցող տոների գլխավոր խորհրդանիշի ճյուղերը զարդարող թանկարժեք իրերի թվում առանձնանում են վարդագույն ադամանդը՝ 2,3 միլիոն դոլար արժողությամբ, և կարմիր գույնի ձվաձև ադամանդը, որը գնահատվել է 4,9 միլիոն դոլար: Ավելի վաղ Սուրբծննդյան ամենաթանկ տոնածառը համարվում էր 2010 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի Emirates Palace հյուրանոցում տեղադրված կանաչ գեղեցկուհին՝ 11,4 միլիոն դոլար արժողությամբ:
37-ամյա Ուինգեմի խոստովանությամբ՝ ինքն սկզբում ցնցվել է եղևնու չափերից, որն իրեն հրավիրել էին զարդարելու, և «թեթևության վիթխարի զգացում» է ապրել, երբ կախել է վերջին զարդը: