Վիրաբույժները ախտորոշման ոչ կատարյալ լինելու պատճառով ամեն տարի հեռացնում են հազարավոր առողջ կույր աղիքներ: Այս մասին նշված է British Journal of Surgery ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Գիտնականների կարծիքով՝ համակարգչային տոմոգրաֆիայի անցկացումը կարող է ախտորոշումն ավելի ճշգրիտ դարձնել և կօգնի խուսափել ոչ անհրաժեշտ վիրահատություններից:
Ըստ հետազոտության՝ Մեծ Բրիտանիայում ամեն տարի կույր աղիքի բորբոքման կասկածով հոսպիտալացվում է 16-ից մինչև 45 տարեկան մոտ 80 հազար մարդ, ընդ որում՝ հեռացնում են նրանցից մոտ 5500-ի միանգամայն առողջ կույր աղիքը:
Մասնագետները հետազոտության ժամանակ վերլուծել են 16-45 տարեկան 5345 պացիենտների տվյալները, որոնք 2017 թվականի կեսին 2 շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայի 154 հիվանդանոցներում հոսպիտալացվել են կույր աղիքի բորբոքման կասկածով: Հոսպիտալացված պացինետների երկու երրորդը կանայք էին: Ախտանշանների և արյան հետազոտության հիման վրա ընդամենը 32 պացիենտի մոտ են կույր աղիքի բորբոքման առաջացման վտանգի գնահատական տվել:
Վիրահատվել է գրեթե 2 հազար պացիենտ: Հետազոտողները պարզել են, որ կանանց 25 տոկոսի և տղամարդկանց 12 տոկոսի մոտ հեռացրել են առողջ կույր աղիքը, չնայած կանայք ավելի հազվադեպ են վիրաբուժական միջամտության ենթարկվել, քան տղամարդիկ:
Մասնագետների կարծիքով՝ կանանց մոտ ավելի հաճախ են հեռացնում առողջ կույր աղիքը, որովհետև, հնարավոր է, կույր աղիքի հետ են շփոթում դաշտանի ժամանակ ցավերը, կոնքի օրգանների բորբոքումները, ձվարանների կիստաները և այլ խնդիրներ:
Հետազոտության տվյալներով՝ համակարգչային տոմոգրաֆիան կույր աղիքի բորբոքման ախտորոշման ժամանակ ճշգրտության բարձր մակարդակ ունի, բայց, չնայած դրան, Մեծ Բրիտանիայում հետազոտությունը նշանակել են կույր աղիքի բորբոքման կասկածով կանանց միայն 15 տոկոսին և տղամարդկանց 23 տոկոսին:
Նախկինում աշխատում էին համակարգչային տոմոգրաֆիա չնշանակել պացիենտների ճառագայթահարման հետ կապված մտավախության պատճառով: Սակայն ժամանակակից տոմոգրաֆներում «նույնպիսի ճառագայթում է, ինչ և Նյու Յորք թռչելիս, ուստի անհրաժեշտ է սկսել դրա օգտագործումը», պնդում են գիտնականները: