Twitter ամերիկյան ընկերության ղեկավարությունը ներդրում կանի սոցիալական ցանցերի ապակենտրոնացված աշխատանքի ստանդարտի մշակման մեջ: Այդ մասին դեկտեմբերի 11-ին Twitter-ի իր էջում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին:
«Twitter-ը ներդրում կանի մշակողների ոչ մեծ խմբում, որը բաղկացած է հինգ ճարտարապետներից, ինժեներներից և դիզայներներից, որոնք կզբաղվեն սոցիալական ցանցերի համար բաց ու ապակենտրոնացված ստանդարտի ստեղծմամբ»,- գրել է Դորսին:
Դրա աշխատանքի սկզբունքը տեսականորեն հիմնված է այն բանի վրա, որ օգտատերերի տվյալները պահպանվում են այնտեղ, որտեղ հարմար է նրանց իրենց, այլ ոչ թե մեկ սերվերում, որն անայլընտրական կարգով տրամադրում է այս կամ այն սոցիալական ցանցի ղեկավարությունը: Դորսին ընդգծել է, որ, նման ստանդարտի հայտնվելով, Twitter-ը կդառնա առաջին սոցիալական ցանցերից մեկը, որոնք կմիանան դրան: Դորսիի խոսքով՝ նախագիծը կոչվելու է Bluesky. ներկայում ընթանում է մշակողների որոնում, որոնք պատրաստ կլինեն աշխատել դրանց վրա:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ նման ստանդարտի ստեղծումը կարող է երկար ժամանակ պահանջել: Սակայն, Twitter-ի ղեկավարի խոսքով, մշակման գործընթացի գործարկումն անհրաժեշտ է՝ նկատի առնելով այն դժվարությունները, որոնց սոցիալական ցանցերը կարող են բախվել մոտ ապագայում, եթե շարունակեն աշխատել կենտրոնացված կարգով՝ յուրաքանչյուրն իր սեփական սերվերի շրջանակում: Twitter-ն օգտատերերին թույլ է տալիս համառոտ հաղորդագրություններ փոխանակել, կազմակերպել հարցումներ, հրապարակել նկարներ ու տեսահոլովակներ: Ծառայությունն ստեղծվել է Ջեկ Դորսիի, Նոա Գլասի, Էվան Ուիլյամսի և Բիզ Սթոունի կողմից: Առաջին հաղորդագրությունը Twitter-ում հրապարակվել է 2006 թվականի մարտի 21-ին: Ամեն օր ծառայությունում զետեղվում է շուրջ 500 մլն թվիթ: