Գևորգ Քոչար 21 հասցեում` Դրամատիկական թատրոնի հարևանությամբ կգործի Երևանի մնջախաղի պետական թատրոնը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Նրանք ազդարարեցին շինարարական աշխատանքների մեկնարկը:
«Որոշել էինք չխոսել խնդրի կարգավորման մասին, քանի դեռ չեն մեկնարկել շինարարական աշխատանքները: Հիմա բոլոր փաստաթղթերը կարգավորված են, հատկացումները հաստատված են, և մենք վստահաբար կարող ենք ասել, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնն ունենալու է իր հանգրվանը, ստեղծագործական օջախը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ թատրոնի կոլեկտիվին, թատերասեր հասարակությանն ու ոլորտի մասնագետներին»,-ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ վարչական հատվածի շինարարական աշխատանքների կազմակերպման համար հատկացվել է 46 մլն դրամ, իսկ հաջորդ տարի տրամադրվելու է 166 մլն 373 հազար դրամ:
«Այստեղ է Դրամատիկական թատրոնը, Մնջախաղի թատրոնը, մի քիչ այն կողմ Կամերային թատրոնն է, փոքր-ինչ ներքև` Խամաճիկների թատրոնը, իսկ եթե մի քիչ էլ գնանք` Տիկնիկային թատրոնը: Քաղաքի այս տարածքը դարձնում ենք մշակութային միջավայր: Վստահ եմ, որ լավ պայմանների դեպքում Մնջախաղի թատրոնը նոր նախագծերով, գեղարվեստական նոր խիզախումներով կներկայանա թատերասերներին»,-ընդգծեց Խզմալյանը:
Ժիրայր Դադասյանը խոստովանեց, որ հատկապես վերջին տարիներին իրեն անընդհատ հարցնում են արդյոք լուծվե՞ց թատրոնի շենքի հարցը: «Ես շատ կցանկանամ, որ ավելի շատ խոսվի մեր ստեղծագործական խնդիրների, հաջողությունների մասին: Այդ ամենը հետին պլան է մղվել, քանի որ առաջնային է շենքի հարցը»,-շեշտեց Դադասյանը:
Նա նշեց, որ սա այն բացառիկ նախագծերից է, որն իրականացվում է այսօր ու սկիզբ է առել նախկին իշխանությունների ժամանակ: «ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից էր այս տարածքը մեզ տրամադրվել, նախագիծ էր արվել հենց այն ժամանակ: Հիմա շարունակությունն է ունենում շինարարության տեսքով: Այս վայրում երեք տարվա ընթացքում երրորդ մամուլի ասուլիսն է տեղի ունենում: Կցանկանամ` չորրորդ ասուլիսը լինի բացմանը, և մենք իսկապես կհանգստանանք ու լավ կգանք մեզ»,-եզրափակեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: