60 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՌԴ վաստակավոր արտիստուհի Եկատերինա Դուրովան: Դեկտեմբերի 13-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մալայա Բրոննայայի թատրոնի մամուլի քարտուղար Մարիա Մալկինան:
«Եկատերինա Լվովնան մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ հուղարկավորության օրն ու վայրը կհայտարարվեն ավելի ուշ:
Դուրովան ծնվել է 1959 թվականին Մոսկվայում դերասան Լև Դուրովի ընտանիքում: 1980-ին ավարտել է Անատոլի Լունաչարսկու անվան Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը: 1980 թվականից մինչև 1984 թվականը ծառայել է Տագանկայի թատրոնում: 1984 թվականից Մալայա Բրոննայա թատրոնի դերասանուհի էր:
Եկատերինա Դուրովան նաև հայտնի է կինոյում ստեղծած գործերով: Դերասանուհին խաղացել է «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ ես», «Երկրպագուն», «Յուրայի օրը» կինոժապավեններում և տասնյակ այլ ֆիլմերում: