Ձվերը և մյուս «վնասակար» մթերքներն իրականում կարող են օգտակար լինել. սննդաբաններ
Advertisement 1000 x 90

Ձվերը և մյուս «վնասակար» մթերքներն իրականում կարող են օգտակար լինել. սննդաբաններ

Ինչպես տեղեկացնում է La Vanguardia պարբերականը, շատերը պնդում են, որ ձվերը վնասակար են, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Այդ մթերքի օգտագործումը որոշ մարդիկ կապում են  բարձր խոլեստերինի և անգամ հիպերտոնիայի հետ։ Բայց օրական 2 ձվի օգտագործումը օրգանիզմին ավելի մեծ օգուտ կտա, քան վնաս, հավաստիացրել է մասնագետը։

Նուրիա Մոնֆուլեդան նաև ընդգծել է, որ ձվերը պարունակում են բարձր կենսաբանական արժեք ունեցող սպիտակուցներ և օրգանիզմին տալիս են անփոխարինելի ամինաթթուներ, վիտամիններ ու հանքանյութեր։

Բացի այդ, սննդաբանը նշել է, որ պետք է տարբերակել անյուղ մսից և մշակված մսամթերքներից պատրաստված ուտելիքները։ Բնական անյուղ միսը, ի տարբերություն այդ նույն նրբերշիկների, կարելի է համարել օգտակար, չէ՞ որ այն պարունակում է վիտամիններ, սպիտակուցներ և երկաթ, որոնք անհրաժեշտ են առողջության համար։

Մեկ այլ իսպանացի բժիշկ-սննդաբան՝ Անգելա Մորենոն, ասել է, որ մթերքների ցուցակում, որոնք իրականում ավելի շատ օգուտ են բերում, քան վնաս պատճառում, մտնում  է նաև չզտված կաթը (պայմանով, եթե այն օգտագործվում է չափավոր քանակությամբ), ինչպես նաև բնական յոգուրտները՝ նորմալ ճարպայնությամբ (այլ ոչ թե ճարպահանված)։ Մորենոյի խոսքով՝ կաթնամթերքները սպիտակուցի, վիտամինների և օգտակար ճարպերի աղբյուր են։

Նույնը կարելի է ասել նաև մեկ այլ «վնասակար» մթերքի՝ արախիսի յուղի մասին։ Ի դեպ, փորձագետն ընդգծել է, որ խանութի արախիսի յուղը շատ շաքար և անպետք ճարպեր է պարունակում, ուստի ավելի լավ է այն պատրաստել ինքնուրույն։

Սննդաբանները խորհուրդ են տալիս նաև չշփոթել գազավորված ջուրը քաղցր գազավորված ըմպելիքի հետ։ Սովորական գազավորված ջուրը չի նպաստում  ավելորդ քաշի հավաքմանը և օգնում է մարսել սնունդը, ինչը չի կարելի ասել գազավորված քաղցր ըմպելիքների մասին։

med.news.am