Այսպես կոչված «դատարկ կալորիաները» տարածվել են նույնիսկ աղքատ երկրներում: Ասիայի և Աֆրիկայի երկրների բնակչությունն արդեն ակտիվորեն օգտագործում է ֆասթֆուդ, ինչը հանգեցնում է այդ երկրներում գիրության աճին: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Lancet գիտական ամսագրում:
«Դատարկ կալորիաների» (գազավորված ըմպելիքներ, չիպսեր, չորահաց և այլն) վնասի մասին գիտնականները խոսում են վաղուց: Այդ մթերքները օգտակար չեն առողջության համար, օրգանիզմին մեծ քանակությամբ ավելորդ կալորիաներ են տալիս և նպաստում են ավելորդ քաշի հայտնվելուն:
Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ խնդիրն արդիական է միայն հարուստ երկրներում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ խնդիրն առկա է Աֆրիկայի և Ասիայի աղքատ երկրներում, որտեղ ևս ճարպակալման համաճարակ է սկսվել:
Ճարպակալման հետ կապված ճգնաժամը բացատրվում է էժան և բարձր կալորիականություն ունեցող սննդի հասանելիությամբ՝ պնդում են գիտնականները: Հյուսիսային Կառոլինայի համալսարանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտողների կարծիքով՝ ճարպակալման հետևանքով տարածվում է նաև երկրորդ տեսակի դիաբետի համաճարակը, սրտային հիվանդությունները և նույնիսկ քաղցկեղը, որը տարածվել է մոլորակի բոլոր անկյուններում: Նման եզրակացություն են արել գիտնականները՝ հիմնվելով 126 պետությունների մասին տեղեկությունների վրա:
Նախկինում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Արևելյան Եվրոպայի և Ասիայի աղքատ երկրներում նման խնդրով տառապող մարդկանց թիվը մեծ չէր: 48 ամենաաղքատ երկրներ թերսնման և ճարպակալման հետ կապված խնդիրներ ունեն՝ ցույց է տվել նոր հետազոտությունը: Նույնիսկ աշխարհի ամենամեկուսացած երկրներում տարածված են ֆասթֆուդերը: Եվ դրան դիմակայելը բավականին դժվար է, քանի որ ֆասթֆուդերը էժան են և արագ են պատրաստվում: