«Չեմ կարծում՝ երբեւէ կմտնեմ քաղաքականություն». Հայկ Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հոր՝ Վարդան Պետրոսյանի խորհուրդներն ու նրա հետ նույնացումը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Չեմ կարծում՝ երբեւէ կմտնեմ քաղաքականություն». Հայկ Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հոր՝ Վարդան Պետրոսյանի խորհուրդներն ու նրա հետ նույնացումը

Ասես հաճելի ավանդույթ դարձած լինի՝ տարին եզրափակել Հայկ Պետրոսյանի հումորային մոնոներկայացմամբ: Այս տարի այն կրում էր In Gold We Trust խորագիրն ու ներկայացնում նյութական, հոգեւոր եւ, իհարկե, քաղաքական թեմաներ եւ հումորային իրավիճակներ:

Մոնոներկայացման պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում հումորիստը նույն ներկայացումը խաղաց արդեն երրորդ անգամ:

«Ես մարդ եմ, որն ապրում է մեր քաղաքում, մեր հասարակության մի մասն էլ ես եմ, եւ այդ բոլոր խնդիրները, հուզական ապրումները, զայրույթը, հույսը՝ այդ բոլորը կա նաեւ իմ մեջ»,-ներկայացումից հետո լրագրողների հետ կիսվեց Հայկը:

«Իրականում այս ներկայացմամբ ես փորձում եմ ցույց տալ մեր կյանքը, իրականությունը՝ մի քիչ այլ տեսանկյունից: Այս անգամ այդ տեսանկյունը հոգեւորի եւ նյութականի բախման մեջ էր: Այդ բախման մեջ վերլուծում ենք ե´ւ կին-տղամարդ հարաբերությունները, ե´ւ քաղաքական կյանքը, ե´ւ փիլիսոփայությունը: Շատ պատահական թեման ընտրեցի: Ամեն ինչ սկսվեց Gold բառից, երբ L-ը հանեցի ու ստացվեց God: Այդպես կամաց-կամաց ամեն ինչ կապեցի իրար ու նյութը ձեւավորվեց»:

Սցենարի շուրջ դերասանը միայնակ է աշխատել, սակայն ինչպես նշում է՝ հաշվի է առել ամենամտերիմ եւ հարազատ մարդկանց կարծիքները: Բնականաբար խորհուրդներ առաջնահերթ ընդունել է հայրիկից՝ հայտնի դերասան եւ կատակերգու Վարդան Պետրոսյանից:

«Հայրիկս չի դիտել ներկայացումը, այս պահին Փարիզում է: Բայց ես պատմել եմ, թե ներկայացումն ինչի մասին է, իհարկե, իր խորհուրդներով նա կիսվել է ինձ հետ: Ես միշտ եմ իրենից խորհուրդներ հարցնում: Այս ներկայացման մասով խորհուրդները ոչ թե տեքստի կամ սցենարի հետ էին կապված, այլ բեմական կեցվածքի: Քանի որ սա ինձ համար մի քիչ անցումային ներկայացում էր, քննարկել ենք, թե ինչ հոգեվիճակով պետք է բեմ դուրս գալ եւ այլն»:

Ամբողջությամբ՝ style.news.am