«Մհերի դուռ» կամ «Ագռավու քար». ի՞նչ է վկայում արձանագրությունը
Advertisement 1000 x 90

«Մհերի դուռ» կամ «Ագռավու քար». ի՞նչ է վկայում արձանագրությունը

«Մհերի դուռ» կամ «Ագռավու քար», սրբազան քարաժայռ Վանա բերդի մոտ։ Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։

Մի զրույցի համաձայն՝ ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը։ Ապագայում իբր Մհերը դուրս է գալու այնտեղից՝ ազատելու «հայու աշխարհը» չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն։

Ավանդության մեջ պահպանվել է Միհր Աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը։ Հայկական լեռնաշխարհում կառուցված բազմաթիվ սրբազան դարպասներից մեկի վրա փորագրված է Վանի թագավորության դիցարանի նկարագրությունը։ Պատմական Հայաստանի Վանա բերդի մոտ՝ ժայռերի մեջ առկա է ժայռափոր արձանագրություն, որն առավել հայտնի է Մհերի դուռ անունով։

Դռան վրայի ժայռափոր արձանագրության մեջ պատկերավոր նկարագրված է Վանի թագավորության դիցարանը՝ աստվածներ, աստվածուհիներ, «սրբություններ» և այլն։ Դիցարանի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունեցել է իր սրբատեղիները, որտեղ մարդիկ երկրպագել են նրանց։ Այդ վայրերը, բացի պաշտամունքային դեր կատարելուց, եղել են նաև գիտության, մշակույթի խոշոր կենտրոններ:

Գայանե Վարդանյան

aadmag.am