
Քնի խանգարումները ներկայումս շատ տարածված են, և բավականին հաճախ դրանց հիմքում ընկած են սխալները, որոնք մենք ինքներս ենք գործում: Որտե՞ք ենք սխալվում, եթե չենք կարողանում բավականաչափ քնել:
Սխալ 1. Մարզումներ երեկոյան ժամերին
Մի կողմից երեկոյան ժամերին մարզվելը, բազմաթիվ մասնագետների կարծիքով, ավելի ճիշտ է և օգտակար, քան առավոտյան ժամերի մարզումները: Սակայն քնելուց առաջ մարզվելը լավ միտք չէ. քնի և մարզումների միջակայքում անհրաժեշտ է կատարել 3-ժամանոց ընդմիջում, հակառակ դեպքում արյան մեջ կորտիզոլ հորմոնի մակարդակը չափազանց կբարձրանա, ինչը կխանգարի քնին, գրում է Focus պարբերականը:
Սխալ 2. Գաջեթներ
Մենք արդեն չենք պատկերացնում մեր կյանքն առանց սմարթֆոնների և պլանշետների, սակայն չարժե մոռանալ, որ դրանց էկրաններից արտացոլվող լույսը շեղում է մեր ներքին ժամանակը՝ ազդելով քնի որակի վրա: Փորձեք օգտվել գաջեթներից առավոտյան և ցերեկը, իսկ քնելուց առաջ մի կողմ դնել դրանք: Կարևոր է նաև քնելուց առաջ խուսափել վառ լույսից:
Սխալ 3. Ուշ ընթրիք
Եթե դուք սովոր եք ուշ ժամերին ընթրել, դա կարող է ազդել ձեր քնի որակի վրա, քանի որ օրգանիզմը զբաղված կլինի կերակուրը մարսելու գործով: Մի շարք մասնագետների կարծիքով՝ ցանկալի է ընթրել քնելուց ամենաուշը 2-3 ժամ առաջ, ընդ որում՝ կերակրատեսակները պետք է լինեն հնարավորինս թեթև՝ առանց ավելորդ ճարպի և շաքարի: