Ավելորդ քաշով տղամարդկանց տեստոստերոնի դեֆիցիտի դեպքում հաճախ խորհուրդ են տալիս նիհարել: Սակայն որոշ սննդակարգեր, հատկապես ճարպերի քիչ պարունակությամբ, նույնպես կարող են առաջացնել տեստոստերոնի մակարդակի նվազում: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Journal of Urology-ում:
Հետազոտության հեղինակները Առողջության և սնունդի ազգային հետազոտության (NHANES) շրջանակում վերլուծել են 3128 տղամարդկանց տվյալները: Տվյալներ են հավաքվել բոլոր մասնակիցների սննդակարգերի և տեստոստերոնի շիճուկային մակարդակի վերաբերյալ:
Ճարպի փոքր պարունակությամբ սննդակարգերի է հետևել տղամարդկանց 14,6 տոկոսը, ևս 24,4 տոկոսը հետևել է միջերկրածովյան սննդակարգի (մրգերի, բանջարեղենի և ընդեղենի մեծ, բայց կենդանական սպիտակուցների և կաթնամթերքի փոքր պարունակությամբ):
Տղամարդկանց շրջանում, որոնք հետևել են ճարպի փոքր պարունակությամբ սննդակարգերի, արյան շիճուկի մեջ տեստոստերոնի միջին մակարդակը կազմել է 411 նգ/դլ, իսկ նրանց շրջանում, որոնք հետևել են միջերկրածովյան սննդակարգի՝ 413 նգ/դլ, այն դեպքում, երբ արյան շիճուկի մեջ տեստոստերոնի միջին մակարդակն է 435,5 նգ/դլ (նանոգրամ դեցիլիտրին):
Տեստոստերոնի մակարդակի վրա պոտենցիալ ազդեցություն ունեցող այլ գործոններ հաշվի առնելուց հետո (ինչպես՝ տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, ֆիզիկական ակտիվությունը և առողջական վիճակը) ցածրճարպային սննդակարգի և տեստոստերոնի մակարդակի նվազման կապը նշանակալից է եղել, մինչդեռ միջերկրածովյան սնննդակարգի հետ կապը՝ ոչ:
Մասնակիցներից 26,8 տոկոսի մոտ տեստոստերոնի մակարդակը 300 նգ/դլ-ից ցածր էր: Չնայած միջին մակարդակների տարբերությանը, տեստոստերոնի ցածր մակարդակով տղամարդկանց ցուցանիշը միատեսակ է եղել սննդակարգային բոլոր խմբերում:
Հիշեցնենք, որ տեստոստերոնի դեֆիցիտը կարող է առաջացնել էներգիայի և լիբիդոյի նվազում, ինչպես նաև մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններ (օրգանիզմում ճարպի քանակության մեծացման, հատկապես փորի շրջանում, և ոսկորների հանքային խտության նվազման):