Նազենի Հովհաննիսյանը Instagran-ի իր էջում լուսանկար է հրապարակել և մեկնաբանություններում գրել.
«Մենք կսովորենք ճախրել, կթռչենք վեր` աշխարհիկ խնդիրներից ու աշխարհի հոգսերից, կդառնանք անկշիռ ու հավասարակշիռ` թռիչքի մեջ…մեր ծանրությունները կթողնենք Երկրին, կկտրենք ոտքերից կապված ծանր քարերը` պարտավորությունների, թափ կտանք ուսերից բեռը` քաղաքակրթության ու կսովորենք ճախրել` ունենալով լոկ մի կապվածություն` ազատությունը:
Ես ու դու իրար օգնելով կճախրենք, անկման վախերը ծնվում են, երբ մենակ ես, իսկ մենք կլինենք երկուսով, ու բոլորովին էլ կապ չունի մեր գույնը… սև ու սպիտակի մեջ աշխարհն է տեղավորվում` բովանդակ ու գունավոր աշխարհը, թե կուզես ես կդառնամ սպիտակ ճայերի նման, որոնցով հիանում են մարդիկ, թեև նույն գիշատիչն են… թե կարիքը լինի, կմնամ սև ագռավ, իր թույր- սևաթույր հանդերձով, մաքրող ու մաքրասեր, թեկուզ չսիրված… թե կուզես ես կդառնամ ուղղակի քամին, որն օգնում է այդ երկու գույն- թռչուններին ուղղակի բաց պահել թևերն ու ճախրել…
Ես կդառնամ քո թևերը բաց պահող ու ճախրանքդ հաստատ պահող քամին… դու միայն ճախրիր` ի հեճուկս աշխարհի հոգսերի, ի հեճուկս ձգողականության անհրապույր ուժի, ի հեճուկս այն բոլոր քարկապերի, որոնք ձգում են մեզ ներքև:
Մենք կձգտենք վերև ու թքած, թե մարդիկ վաղուց նայում են միայն ներքև ու ապրում մի հեռախոսի մասշտաբով: Մենք կունենանք Երկինքը` իր անեզր մեծությամբ ու ազնիվ, առանց փոխադարձության սպասումի` ազատության:(#Նհ)»