Ձեռքսեղմման ուժը կարող է շատ բան հայտնել մարդու առողջության մասին. եթե մարդու ձեռքսեղմումը թույլ է, դա կարող է ցույց տալ Ալցհեյմերի հիվանդության լատենտ զարգացման մասին, նշված է Journal of Alzheimer’s Disease ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
«Նովոստի Mail.RU»-ն հայտնում է, որ 30-ամյա տղամարդու սեղմելու ուժը միջինը հավասար է 40 կիլոգրամի: Յուրաքանչյուր 5 կիլոգրամով այս ցուցանիշի նվազումը կապված է կոգնիտիվ խանգարումների զարգացման հավանականության 18 տոկոսով մեծացման հետ:
Նախկինում գիտնականներն ապացուցել են, որ սեղմելու ուժի թուլացմամբ կարելի է կանխատեսել նաև ոսկրային հյուսվածքի ամրության տարիքային նվազումը, ընկնելու և կոտրվածքների մեծ հավանականությունը: Սրան հավելած թույլ ձեռքսեղմումը վկայում է դեպրեսիայի և մահվան մոտ լինելու մեծ հավանականության մասին: Փորձագետները նաև նշում են, որ դաստակի և նախաբազուկի մկանների թուլացումը վկայում է մկանային զանգվածի և ուժի կորստի ընդհանուր պրոցես ընթանալու մասին, որը սկսվում է 40 տարեկանից հետո և արագանում 70-ամյա տարիքից հետո:
Գիտնականների խոսքով՝ մարդը 10 տարում կորցնում է մկանային զանգվածի միջինը 3-ից մինչև 5 տոկոսը: Միևնույն ժամանակ, ձեռքսեղմման ուժը կարելի է պահպանել մինչև խոր ծերություն, եթե կանոնավոր մարզեն դաստակի և նախաբազուկի մկանները: