Կորոնավիրուսով կարելի է վարակվել մեկ-երկու մետր հեռավորությունից
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսով կարելի է վարակվել մեկ-երկու մետր հեռավորությունից

Չինական 2019-nCoV կորոնավիրուսով կարելի է վարակվել հիվանդից մեկ-երկու մետր հեռավորության վրա։ Այս մասին ասել է Չինաստանի Պետական խորհրդի Առողջապահության գործերի կոմիտեի ներկայացուցիչ Լի Սինվանը։

Ինչպես տեղեկացնում է «Ժենմին Ժիբաո» թերթը, վիրուսը, ըստ պաշտոնյայի, փոխանցվում է թե՛ օդակաթիլային, թե՛ կենցաղային շփման միջոցով։ Դա նշանակում է, որ կարելի է վարակվել ե՛ւ կեղտոտ ձեռքերով աչքերին հպվելիս, ե՛ւ շնչուղիներով։

Վարակից խուսափելու համար Լի Սինվանը խորհուրդ է տալիս կրել դիմակներ, լվալ ձեռքերը և քիչ շփվել այլ մարդկանց հետ մոտ տարածությունից։

Պետկոմիտեի ներկայացուցիչը նշել է վարակվելու առաջին նշանները՝ չոր հազ, շնչելը դժվարանում է, բարձր ջերմություն և թուլություն։ Մի շարք դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց թոքաբորբի, բայց ուղեկցվում է չոր հազով և ոչ բարձր ջերմությամբ։

Սակայն պետք է հիշել, որ հիվանդությունը վարակիչ է անգամ ինկուբացիոն շրջանում, երբ ոչ մի ախտանշան չկա. ուստի առաջիկայում խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել ցանկացած մարդու հետ շփվելիս, անգամ նրանց հետ, ովքեր առողջ են երևում։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ կորոնավիրուսն արդեն խլել է 106 մարդու կյանք, հաստատված դեպքերի թիվը հասել է ավելի քան 4500-ի։

med.news.am