Բժիշկները փրկել են 650 գրամանոց նորածնի կյանքը, որի սիրտը 40 րոպեով կանգնել է:
The Mirror-ի հաղորդմամբ՝ 2019 թվականի փետրվարին 25-ամյա Քլեր Նոբայլին հոսպիտալացրել են հղիության 23-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերության ռիսկով: Նրան դեղամիջոց են տվել, որը պետք է արագացներ պտղի թոքերի զարգացումը: Մի քանի օր անց նրան պետք է տուն ուղարկեին, սակայն գիշերը նրա մոտ երկունքի ցավեր են սկսվել:
Նորածին Ռայան Կոլքհոունը կշռել է ընդամենը 650 գրամ: Նա այնքան թույլ է եղել, որ նրա սիրտը կանգնել է: Բժիշկները 40 րոպե պայքարել են նրա կյանքի համար:
Մայրը ստիպված է եղել մեկ շաբաթ սպասել, ապա դրանից հետո կարողացել է երեխային տեսնել: Երբ Ռայանը 6 շաբաթական է դարձել , Քլերը տուն է վերադարձել, սակայն երեխան մնացել է հիվանդանոցում: Հաջորդ օրը վաղ առավոտյան մորը կրկին կանչել են հիվանդանոց, քանի որ երեխայի մոտ արյան մեջ թթվածնի մակարդակի անկում է գրանցվել: Մի քանի օր անց արյան անալիզները ցույց են տվել, որ Ռայանի մոտ աղիքային ցուպիկ է եղել:
Չնայած բարդություններին՝ երեխային հաջողվել է փրկել, եւ 133 օր անց նրան դուրս են գրել: Այդ ընթացքում երեխան վերապրել է ներուղեղային արյունահոսություն, արյան 4 փոխներարկում եւ 51 օր անցկացրել է թոքերի արհեստական օդափոխության պայմաններում: Նրան բուժել են հիպերտոնիայի եւ սեպսիսի դեմ, եւ երբ նա 16 շաբաթական է դարձել, աչքերի լազերային վիրահատություն է պահանջվել:
Մի քանի շաբաթ անց, երբ Քլերը երեխայի հետ հյուր է գնացել, երեխան կապտել է: Նրան կրկին հոսպիտալացրել են: Չնայած առողջական խնդիրներին՝ երեխան վերապրել է եւ պատրաստվում է նշել իր մեկամյակը:
Քլերը բարեգործական դրամահավաք է կազմակերպել, որպեսզի երախտագիտություն հայտնի բժիշկներին երեխային փրկելու համար: