Երեխայի դաստիարակության պրոցեսը բոլորովին էլ հեշտ գործ չէ, ունի բազմաթիվ նրբություններ ու բարդություններ։ Չի լինում այնպես, որ երեխաներն իրենք իրենց մեծանան, որ դու հոգ տանես միայն նրանց առողջ սննդի ու մաքուր վերնաշապիկների մասին, իսկ հետո մի օրում երեխան հանկարծ արթնանա արդեն մեծ։ Յուրաքանչյուր ծնող գիտի, որ դա այդպես չէ։
Երեխան օրեցօր հասունանում է, փոխվում է և ինքը, և իր տրամադրությունն ու էներգետիկան։ Նա անցնում է զարգացման զանազան փուլեր։ Ընդ որում, տղաների և աղջիկների մոտ դրանք տարբերվում են։ Յուրաքանչյուր ծնողի խնդիրն այն է, որ իմանա, հասկանա, թե ի՞նչ է պետք իր երեխային և ե՞րբ։
Այժմ կխոսենք տղա երեխաների զարգացման փուլերի և այն մասին, թե ինչ է նրանց ամենաշատը պետք այդ շրջանում։
Ինչպես դաստիարակել տղա երեխային
Առաջին փուլ՝ 0-6 տարեկան
Այդ շրջանում երեխայի սեռն այնքան կարևոր չէ, երեխան երեխա է մնում։ Նրանք սիրում են, երբ իրենց հետ խաղում են, գրկում, պահում ձեռքերի վրա։ Նրանց դուր է գալիս ուսումնասիրել շրջապատող աշխարհը։ Այդ շրջանում յուրաքանչյուր երեխայի համար կարևորագույնը մոր դերն է։ Այդ շրջանում իրականում ցանկալի է, որ մայրը բավարարի իր երեխայի բոլոր պահանջմունքները։ Սեփական հորմոնները կնոջ մոտ հարուցում են իր երեխայի հետ լինելու և նրան իր ուշադրությունը նվիրելու ցանկություն։
Տղա երեխայի նորմալ դաստիարակության համար շատ կարևոր է ակտիվ շփումը։ Չէ՞ որ այդ հմտությունների զարգացման համար նրանց օգնություն է հարկավոր։ Եթե մայրը հաճույքով ու հետաքրքրությամբ տղային սովորեցնում է, խոսում նրա հետ, դա օգնում է զարգացնել շփման հմտությունները։ Սակայն, եթե մայրը երեխայի կյանքի առաջին մի քանի տարիներին գտնվում է դեպրեսիայի մեջ կամ քիչ է շփվում երեխայի հետ, վերջինիս գիտակցության մեջ ի հայտ է գալիս տխրության երանգ, և նա սկսում է կասկածել՝ արդյո՞ք մայրը սիրում է իրեն, թե՞ ոչ։
Մայրը երեխայի համար դառնում է նրբության ու սիրո արտահայտության առաջին մոդելը։
Սկսած երեխայի կյանքի երկրորդ տարուց, երբ նա սկսում է քայլել, մայրը պետք է սահմանի իրենց հարաբերությունների սահմանները։ Կարևոր է դա անել նրբորեն՝ առանց երեխային նեղացնելու։
Հայրը ևս չպետք է լինի դիտորդի դերում ու մի կողմ քաշվի։ Այդ շրջանում երեխայի համար ամենագլխավորն ուշադրության կենտրոնում լինելն է, զգալը, որ իրեն սիրում են և՛ հայրը, և՛ մայրը։ Այդպես նրա մոտ զարգանում է անվտանգության զգացումը, ի հայտ են գալիս առաջնային շփման հմտությունները։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ, եթե հանգամանքները թույլ են տալիս, ավելի լավ է՝ մինչև տղա երեխայի 3 տարեկանը լրանալը ծնողներից մեկը տանը մնա նրան դաստիարակելու համար։ Տղաներն ավելի ծանր են տանում հարազատների հետ բաժանումը, քան աղջիկները։ Նրանց մոտ հաճախ է սթրես ու լքվածության զգացողություն նկատվում։ Արդյունքում՝ երեխայի մոտ չափից դուրս ագրեսիվություն է զարգանում։
Հիշեք, այդ շրջանն արագ է անցնում, այնպես որ, վայելիր այն ամբողջովին։ Ավելի շատ սեր, հոգատարություն ու բարություն տուր երեխայիդ։ Պետք է երեխային ցույց տալ, որ նա միայնակ չէ, որ իրեն սիրում են, իսկ աշխարհը շատ հետաքրքիր ու հիասքանչ մի վայր է։
Երկրորդ փուլ՝ 6-13 տարեկան
Հենց այդ տարիքում են տղա երեխայի կյանքում տեղի ունենում փոփոխություններ։ Նրա մոտ հետաքրքրություն է առաջանում տղամարդկային իրերի ու երևույթների նկատմամբ՝ մեքենաներ, զենք, սուպերհերոսներ ու շատ այլ բաներ։ Այդ տարիքում տղա երեխան կենտրոնանում է հոր կամ ուրիշ տղամարդու վրա, ով այդ պահին կողքին է։ Նրա մոտ ցանկություն է առաջանում գտնվել տղամարդու կողքին, կրկնել նրա արարքները, սովորել նրանից։
Եթե այդ շրջանում հայրը նրան քիչ ուշադրության է արժանացնում, երեխան կարող է տարատեսակ բաներ անել։ Ուշադրություն գրավելու համար տղաները կարող են գողություն անել, կռիվներ սարքել, տակը միզել։ Հայրը պետք է ուշադիր լինի տղա երեխայի նկատմամբ, նրա հետ շատ ժամանակ անցկացնի ու ակտիվորեն հետաքրքրվի նրա կյանքով։
Դա բոլորովին չի նշանակում, որ մայրն այժմ տղա երեխային պետք չէ։ Շատ մայրեր այդ շրջանում ինքնակամ ինչ-որ չափով հեռանում են տղայի կյանքից՝ նրան ավելի կոպիտ դարձնելու համար, սակայն դա սխալ մոտեցում է։ Չի կարելի երեխային զրկել քնքշանքից, այլապես նա ճիշտ նույն կերպ կպատասխանի ձեզ։ Նա միշտ պետք է զգա մոր աջակցությունն ու հոգատարությունը։ Պարզապես այս փուլում նրա համար գլխավոր օրինակը հայրն է հանդիսանում։
Բայց ի՞նչ անել, եթե դու միայնակ մայր ես։ Հազարավոր տարիներ մայրերն իրենք են իրենց տղաներին դաստիարակել ու դարձրել պատվարժան տղամարդիկ։ Բայց այս դեպքում պետք է գտնել նրան, ով երեխայի համար օրինակ կհանդիսանա։ Դա կարող է լինել բարեկամներից որևէ մեկը կամ ուսուցիչը։
Այս շրջանում երեխան գիտելիք է կլանում, փոխ է առնում սովորություններ, հատկապես՝ հորը կամ պապինը, վարքագիծ։ Կարևոր է երեխային հոգատարությամբ շրջապատելը, սակայն թույլ տալ ինքնուրույն որոշումներ կայացնել, որպեսզի նա սովորի ինքնուրույն լինել։ Բաց մի թող երեխայի հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունը։ Չէ՞ որ արդեն իսկ աստիճանաբար նրան ավելի ու ավելի են գրավելու ընկերները, սերերն ու այլ հետաքրքրությունները։ Հենց այդ շրջանում են դրվում մանկության մասին ամենահաճելի հիշողությունների հիմքերը, և սա այն հիասքանչ դարձնելու ձեր հնարավորությունն է։
Երրորդ փուլ՝ սկսած 14 տարեկանից
Այդ տարիքում տղաները նկատելիորեն մեծանում են, իսկ օրգանիզմում տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ։ Բացի ֆիզիոլոգիական փոփոխություններից, տեղի են ունենում փոփոխություններ նաև երեխայի վարքագծում։ Ամեն ինչ անհատական է, իհարկե, բայց հաճախ տղաներն անհանգիստ, նյարդային ու համառ են դառնում։ Դա չի նշանակում, որ նրանք փոխվում են դեպի վատը, պարզապես նրանց մոտ անհատականություն է ձևավորվում։
Այդ շրջանում տղաները պետք է շատ հարցերի պատասխաններ գտնեն, աշխարհն այլ կողմից ճանաչեն, հասկանան իրենց նպատակներն ու առաջնայնությունները։ Ամենից հաճախ այդ տարիքում երեխայից պահանջում են լավ գնահատականներ, օգնություն տնային գործերում, սակայն դա քիչ է։ Նրան պետք է ճանաչել աշխարհը, նա ուզում է հասունանալ, իսկ ծնողներն իրենց հերթին՝ ուզում են, որ նա փոքր մնա։ Դրա հետևանքով էլ առաջանում են խնդիրները։
Այս ժամանակահատվածում շատ կարևոր է երեխայի ողջ էնտուզիազմը ճիշտ հունի մեջ դնելը։ Պետք չէ երեխային պարտադրել զբաղվել ինչ-որ բանով, անհրաժեշտ է նրա մեջ հետաքրքրություն առաջացնել։ Տղայի համար կարևոր է ուսուցիչ-դաստիարակ ունենալը։ Ընդ որում, հայրն արդեն հարմար չէ, քանի որ այս շրջանում նրանց միջև փոխհարաբերություններն արդեն առաջվանը չեն, ու հաճախ են կոնֆլիկտներ առաջանում։ Դաստիարակի դերը կարող է կատարել ուսուցիչը կամ մարզիչը։
Այո, երեխան պետք է գտնի ինքն իրեն, սակայն ծնողների դերը, միևնույն է, հսկայական է։ Անգամ, եթե ձեր որդին դա ցույց չի տալիս, մեկ է, ծնողների աջակցությունը, բարեհաճ վերաբերմունքը, գովեստը կամ նույնիսկ կառուցողական քննադատությունը նրա համար շատ կարևոր են։ Օգնիր երեխայիդ ուժերիդ ներածին չափով, բայց մի մոռացիր, որ պետք է ժամանակին բաց թողնես նրան։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը