Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը ոչ միայն կինոարվեստում, այլև նորաձևության աշխարհում է մեծ իրարանցում առաջացնում: Կինոմրցանակաբաշխությունը հանրահայտ դիզայներներին և նորաձևության տներին հնարավորություն է տալիս դերասանների, դերասանուհիների միջոցով կարմիր գորգի վրա ներկայացնել իրենց ստեղծած հագուստները: Այդ առումով բացառություն չէր նաև 92-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:
Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին, որը «Bombshell» ֆիլմով ներկայացված է եղել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում, մրցանակաբաշխությանն էր եկել Շանել նորաձևության տան 1994 թվականի գարնանը մեծ պահանջարկ վայելած Haute Couture հավաքածուից օրիգինալ զգեստով, որը արդիական է մինչ օրս:
«Փոքրիկ կանայք» ֆիլմի համար «Օսկար»-ի առաջադրված դերասանուհի Սիրշա Ռոնան կրել է հետաքրքիր զգեստ «Գուչի»-ից:
Ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն աչքի է ընկել երկար ճերմակ զգեստով`«Լուի Վիտոն»-ից: Նրա հագուստն ամբողջացրել են գեղեցիկ զարդերը:
Ամերիկուհի Քեյթլին Դևրը գորգը զարդարել է մետաքսե շքեղ երեկոյան կարմիր զգեստով «Լուի Վիտոն»-ից: Դևրի կոշիկները «Ալդո» ապրանքանիշից էին:
Զգեստների դիզայներ Սենդի Փոուելը զարմացրել է ներկաներին իր յուրօրինակ սպիտակ կոստյումով և տաբատով` «Օսկար-2020»-ի հավակնորդների ստորագրություններով: Նա աճուրդի է հանելու այդ զգեստը ստացված գումարով իր ընկեր, անգլիացի ֆիլմարտադրող և դերասան Դերեկ Ջարմանի տունը գնելու և պահպանելու համար:
Բրիտանացի դերասանուհի և հաղորդավար Օլիվիա Քոլմանը ներկայացել է Ստելա Մաքարթնիի հեղինակած զգեստով: Երկար վիլյուրե շորն ընդգծել է դերասանուհու լավ պահպանված կազմվածքը:
Հագուստի դիզայներ Արիանա Ֆիլիպսն աշխատել է Ջերեմի Սքոթի հետ` փորձելով վերարտադրել այն հագուստը, որը կրել է 2012 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը: Հագուստը գրավել է ներկաներին սևի և վարդագույնի ճաշակով համադրությամբ:
Դերասանուհի Ջոնա Թաքերը, որը մրցանակաբաշխությանն էր ներկայացել ամուսնու` Ադամ Դրայվերի հետ, հագել էր սև սեղմիրանով և սպիտակ կիսաշրջազգեստով երեկոյան հագուստ, որի հեղինակը Օսկար դե լա Ռենտան է:
Ամերիկյան կինոակադեմիայի 92-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում: