Դերասան Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում գրել է.
«Մեր ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆԸ մոտավորապես 50-250 ք/մ է…Ինչու՞
Հիշողությանս դեմ դիմաց նստած, փաստարկներ անթիվ ներկայացնելով, բողոքս եմ հայտնում իմ մանկության ու պատանեկության համար… Համոզել կուզեմ, որ մանուկ տարում ցուրտ էր ու դժվար, որ մայրս հազիվ էր սնունդ հայթայթում հորս աշխատած ճղճիմ գումարով,
Որ պատերազմ էր, երկրաշարժ, խավար…
Որ ուսում չկար, ամեն ինչ վատ էր…Ու էլի, էլի շատ ու շատ բողոք…
Կրակահերթի տպավորություն ստեղծող իմ փաստարկներին, հիշողությունս չէր արձագանքում, ժպտում էր խաղաղ, ժպտում էր բարի ու երբ ժամանակն եկավ խոսելու հիշողությունն իմ աչքերս բացեց.
Անցած գնացած էն տարիներին դու ունեիր մի բան, որը զորեղ էր թե պատերազմից, թե երկրաշարժից և թե քո դատարկ փոքրիկ ստամոքսից՝ ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ ահա ինչ ես կորցրել եղբայր, որ թվում է թե ամեն բան լավ է, բայց արի ու տես՝ ներսդ դատարկ է…
Քո ընտանեկան նեղ քառակուսուց դուրս, աշխարհը քեզ հետ ոչ մի կապ չունի…Ի՞նչ բարեկամ ու ի՞նչ հարազատ՝ էլ ի՞նչ հարևան ու ի՞նչ թաղեցի…Թաղեցիք սերը միմյանց հանդեպ…Ձևական ծնունդ, անհոգի կնունք, ցուցամոլ պահվածք ու ոչ մի սրտից խոսք՝ վերացավ գնաց մարդկայինը թանկ,ինչը կար այնժամ, երբ պատերազմ էր, երկրաշարժ ու սով…
Մենք կառուցեցինք արտաքինը զուտ, իսկ ներսը մեր թողեցինք դատարկ…
Դա է պատճառը մեր բողոքի մեծ. Չկա հանգիստ կյանք քանի դեռ չկա ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ քո հարազատի ու բարեկամի՝ ընկերոջ ու ընդհանրապես մարդ մարդու հանդեպ»: