«Վեռնոյին գրավեցի այնպես, ինչպես կյանքում որևէ կնոջ չէի գրավել». (11.11.2010) (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Վեռնոյին գրավեցի այնպես, ինչպես կյանքում որևէ կնոջ չէի գրավել». (11.11.2010)

Կինոէկրանից դուրս Ժակի Ներսեսյանը խոսում է մտերմիկ, անմիջական ու առանց մեծամտության: Հարցազրույցին եկավ բավական ուշացումով, որի պատճառով ողջ ընթացքում անընդհատ ներողություն էր խնդրում: «Փարաջանովի տուն-թանգարան էի գնացել, պարզապես չէի կարող չգնալ այնտեղ: Ներեցեքգ Ես անգլերեն վատ գիտեմ: Կարո՞ղ ենք հարցազրույցն անցկացնել ֆրանսերենով»,- նախքան մեր զրույցը սկսելն՝ ասաց Ժակի Ներսեսյանը: Քիչ անց մեզ միացավ նաև թարգմանչուհին, ով, դժբախտաբար, մեծ դժվարությամբ կարողացավ թարգմանել մեր զրույցը: «Հայերեն մի քանի բառ գիտեմ: Ցավոքգ»,- նկատեց ֆրանսահայ դերասանը, ով մեծ սեր ունի մարդկանց նկատմամբ: Պատահական չէ Ժ. Ներսեսյանի աստվածաբան լինելու հանգամանքը: Նա ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը՝ Անգլիայում պաստոր դառնալու համար, և օծում է ստացել Սենտ-Էտյենում, ուր և ծնվել է: Իսկ կինոճանապարհը նա սկսել է ֆրանսիական TF1 հեռուստաընկերությունից, որտեղ ռեժիսոր Կլոդ Միլերը նրան նկատելով` հրավիրել է «Փոքրիկ գողը» ֆիլմում նկարահանվելու:

– Հայաստանում Ձեզ, կարծես, ավելի շատ ճանաչում են որպես Աբգար՝ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմից, հաճախ նույնիսկ մոռանում են Ձեր իրական անուն-ազգանունը: Ինչո՞ւ է այդպես:

– (Ժպտում է.- Մ.Մ.): Իսկ Ֆրանսիայում ինձ ավելի շատ ճանաչում են իմ անձնական հեռուստաշոուի միջոցով: Ի դեպ, այդ շոուն եղել է ֆրանսիական առաջին էրոտիկ և զվարճալի հեռուստաշոուներից մեկը, որը հայկական հեռուստատեսության մեջ երբեք չի ընդունվի, որովհետև կաթողիկոսը հաստատ այն կարգելի: Պատճառն, անշուշտ, շոուի էրոտիկ բնույթն է: Ֆրանսիայում հոգևորականներից մեկը, իմ շոուն տեսնելով, զանգահարել էր ինձ և առանց որևէ ողջույնի՝ արձագանքել. «Մենք Ձեզ համար աղոթում ենք»: Ըստ այդ հոգևորականի` ես սատանայի կողմից էիք:

– Այսինքն` մեզ մոտ ավելի մեծ է գրաքննությունը, քան Ֆրանսիայո՞ւմ:

– Ֆրանսիայում 1968թ. հեղափոխությունից հետո սեռական ազատությունն ավելի մեծացավ: Հիմա մարդիկ առանց որևէ բարդույթի սեռական հարաբերություններ են ունենում, ավելի ազատ են, բայց փոխարենը պակասել է սերը: Ես միշտ ինքս ինձ հարցնում եմ, թե այսօր մարդիկ ինչո՞ւ չեն կարող իրար սիրել, կամ ինչո՞ւ են շատացել ամուսնալուծությունները: Այսօր շատ երկրներում աղջիկներն այնպես են հագնվում, որ իրենց կոնքերից ցածր տաբատից անպայման երևա իրենց ներքնաշորըգ Ես այդպիսի բան չեմ տեսել ո՛չ Հայաստանում, ո՛չ Պորտուգալիայում: Ու սա ի՞նչ է նշանակում, որ այդ երկրներում ջինսերն ավելի լա՞վ են արտադրում, թե՞ ծնողներն են խստակյաց: Ու ընդհանրապես ամեն բան հարաբերական է, ինչպես Ձեր նշած գրաքննությունը: Կարող ենք ասել` այո՛, մենք շատ լիբերալ ենք, բայց իրականում դա ընդամենը խաբկանք կարող է լինել:

– Սերը պակասել է, բայց սիրո թեմաները դեռևս չեն սպառվել ֆիլմարտադրության մեջ:

– Կինոարվեստում սերը սովորաբար դժբախտ է լինում: Մենք երբևէ չենք տեսնի ուրախ սիրո պատմություն, որովհետև ընդունված է ասել` իբր այն մարդիկ, ովքեր ուրախ են, պատմություն չունեն: Մի հայտնի հոգեվերլուծաբան ասել է` «Սերն այն է, երբ դու տալիս ես մեկին այն, ով չի ուզում վերցնել այն, ինչ դու չունես»: Դա է սիրո պատմությունը, որը պատկերվում է ֆիլմերում: Սակայն ֆիլմերում սիրո կայուն պատասխան չես կարող գտնել, որովհետև այն պարզապես չկա, թեև փորձում են գտնել:

– Կինոարվեստն ասես իրականությունից ավելի կարևոր դեր է ստանձնել մարդկանց կյանքում: Ի՞նչն է փոխվել:

– Թերևս Ձեր ասածը ավելի շատ վերաբերում է հեռուստատեսությանը, չնայած մարդիկ կան, որոնց նկարած ֆիլմերը ազդեցիկ են, ինչպես իրականությունը: Կինոռեժիսորներ կան, ովքեր կինոյի միջոցով պատմում են իրենց անձնական պատմությունը: Իհարկե, մենք դա չենք կարող արգելել: Ես տպավորված եմ Ատոմ Էգոյանի, Ֆաթիհ Ակինի ֆիլմերով, որոնք բացառապես անձնական պատմություն են արտացոլում, թեև մենք այդ պատմության մեջ չկանք, ֆիլմը դիտելիս մենք չենք տեսնում մեզ: Իսկ հեռուստատեսության մեջ ամեն ինչ այլ է: Այնտեղ ամեն բան անում են, որ մարդիկ կարողանան ինչ-որ դերերում գտնել իրենց: Դա արդեն վերածվում է մարքետինգի, երբ դու կարողանում ես հեշտությամբ վաճառել այն, ինչ մարդիկ ուզում են:

– Ինչպե՞ս ստացաք Անրի Վեռնոյի ֆիլմում նկարահանվելու առաջարկը, կամ, ավելի ճիշտ` ինչպե՞ս ծնվեց Աբգարը:

– Իմ ու Անրի Վեռնոյի հանդիպումը բավական դժվար էր, որովհետև Վեռնոյը ծանր բնավորության տեր մարդ էր: Ամենավատ բանը, որ կարող էիր նրան ասել, այն էր, որ ասեիր` «Ես հայ եմ»: Դա լսելով` նա միանգամից դուրս կվռնդեր քեզ: «Մայրիկը» ֆիլմի քասթինգի ժամանակ ես ընդամենը մի նախադասություն էի ունեցել. հացաբուլկեղեն վաճառող տղայի դերը, ով ասում էր` «Դուք ինձ հիշո՞ւմ եք»: Իմ դերն այդքանն էր: Եվ ես հենց սկզբից շատ բարկացա, որ Անրի Վեռնոյն ինձ նույնիսկ չնայեց: Իսկապես, դա ինձ լուրջ մտահոգեց: Հետո փորձեցի գտնել Վեռնոյի հեռախոսահամարը: Երբ նրան զանգահարեցի, ինձ թվաց, թե զանգին կպատասխանի նրա քարտուղարը, բայց այդպես չէր: Լսափողը վերցրեց Անրի Վեռնոյը, և ես ասացի. «Ես Ժակի Ներսեսյանն եմ: Դուք ինձ հիշո՞ւմ եք»: Նա պատասխանեց, որ, այո՛, հիշում է ինձ: Այնուհետև ասացի, որ եթե իրեն թվում է, թե ես ուրախ եմ իմ դերից, ապա սխալվում է: «Ես այսօր շատ տխուր եմ»,- ասացի ես: «Ինչո՞ւ»,- հարցրեց Վեռնոյը: «Որովհետև երեկ Դուք չտեսաք դերասանի»,-շարունակեցի ես: «Ի՞նչ եք ուզում դրանով ասել»,- հարցրեց նա: «Քանի որ Դուք ինձ վրա պարզապես ուշադրություն չդարձրեցիք, այդ նույն ձևով էլ ես չեմ տեսնում այն ռեժիսորին, ով պատրաստվում է Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել: Եվ քանի որ Դուք ինձ չտեսաք, ես ուզում եմ այնպիսի բան ասել Ձեր ֆիլմում, ինչը Դուք դեռ չեք տեսել: Ես ընդամենը 5 րոպե եմ խնդրում Ձեզնից, և դրանից հետո ես մեծ հաճույքով կկատարեմ նույն դերը»,- ասացի ես: Նա ասաց, որ ինքը ժամանակ չունի: Անրի Վեռնոյն իր գործունեության ընթացքում այնպիսի հայտնի դեմքերի հետ է աշխատել, որ շատ հեշտությամբ ամեն վայրկյան կարող էր հեռախոսի լսափողը կախել, բայց նա այդպես չվարվեց: Հանդիպման ժամ նշանակեց, ու գնացի նրան տեսնելու: 5 րոպեի փոխարեն մեր զրույցը տևեց շուրջ 1,5 ժամ: Վեռնոյին այդ օրը փորձեցի գրավել այնպես, ինչպես կյանքում որևէ կնոջ չէի գրավել: Զրույցից հետո նա խոստացավ ինձ տալ ոսկերչի դերը, որը մատանիներ էր պատրաստում, և այդ նույն դրվագում պետք է նկարահանվեր նաև Շառլ Ազնավուրը: Այնուհետև ինձ հարցրեց, թե արդյոք ուրա՞խ եմ այդ դերի համար: Ասացի` այո՛: Դրանից օրեր անց ինձ զանգահարեցին, և ասացին, որ պետք է հանդիպեմ Անրի Վեռնոյին: Նա ինձ 8 էջ տեքստ տվեց: Դա հենց Աբգարի դերն էր: Վեռնոյը նստեց իմ դիմաց, և ասաց, որ սկսեմ կարդալ: Մի հարց ուղղեց, որն ինձ պետք է տար Օմար Շարիֆը: Դե, ես էլ մտածեցի, որ դա ինձ տալիս է ոչ թե Օմար Շարիֆը, այլ` Վեռնոյը: Սկսեցի կարդալ այդ 8 էջը, այնուհետև գլուխս բարձրացրեցի և տեսա, թե Վեռնոյն ինչպես էր արտասվում: «Դու դեռ շատ հեռու պիտի էրթաս»,- ասաց նա:

– Ազդեցիկ հանդիպում է եղել: Արդյոք մարդն իր կամքի ուժի շնորհիվ միշտ կարո՞ղ է հասնել իր երազանքին:

– Անշուշտ: Ինձ համար կյանքի ու մահու խնդիր էր Վեռնոյին զանգահարելը: Ինչպես ասում են` նա ինձ դռնից դուրս արեց, ես պատուհանից ներս մտա: Ու կարծում եմ` ճիշտ վարվեցի (Ժպտում է.- Մ.Մ.):

– Աբգարից հետո մարմնավորեցիք թուրք Մուստաֆայի դերը` Իսմայիլ Ֆարուքի «Երկար ճանապարհորդությունը» ֆիլմում: Մի դեպքում՝ ցեղասպանությունից փրկված հայի, մյուս դեպքում` թուրք Մուստաֆայի դեր խաղացիք: Շատ հակասական է:

– Մեծ մայրս խոսում էր թուրքերենով: Երբ դեռ փոքր էի, ես էի խոսում թուրքերենով: Հայրական տատս Անատոլիայից էր, մայրս` Կալիկոնեից, և 20 տարի ապրել է Հունաստանում: Ես փոքր-ինչ մոտ եմ նաև Հունաստանին, այսպիսով` ստացվում է մի ծառի համար բավական շատ արմատներ: Կարծում եմ` Մուստաֆայի բնավորությունը շատ հեռու չէր Աբգարի բնավորությունից: Ինձ համար ավելի բարդ էր խաղալ Աբգարի դերում, քան` Մուստաֆայի: Իսկ գիտե՞ք` ինչո՞ւ, որովհետև հեշտ չէ խաղալ ինքդ քեզ, մինչդեռ ավելի դյուրին է խաղալ ուրիշին, որը քեզ հարազատ չէ:

– Որևէ նոր դերի մասին երազո՞ւմ եք:

– Միշտ ուզում էի խաղալ արքայազնի դեր, ով համբուրում է արքայադստերը, բայց դրա համար արդեն ուշ էգ Ամեն դեպքում ես ինձ բախտավոր մարդ եմ համարում, որ հանդիպեցի Անրի Վեռնոյի, Լյուկ Բեսոնի հետ: Ինձ համար պակաս երջանկություն չէր հանդիպել Ֆաթիհ Ակինի, Ատոմ Էգոյանի, Անգելապոլուսի հետ:

– Մի տարօրինակ հարց:

– (Ժպտում է.- Մ.Մ.): Քո բոլոր հարցերը տարօրինակ են, իսկ գիտե՞ս՝ ինչո՞ւ:

– Միգուցե մենք՝ մարդիկ, տարօրինակ ենք:

– Այո, որովհետև մենք բոլորս տարօրինակ ենք:

– Դերասանից մինչև մարդ շա՞տ հեռու է:

– Դերասանի համար կարևոր է սցենարը շատ կարդալը: Օրինակ, «Մայրիկ» ֆիլմի սցենարը ես կարդացել եմ 60 անգամ: Երբ դերասանը շատ է կարդում սցենարը, նա սկսում է նոր մտքեր գտնել իր երազների, անգիտակցության ու ենթագիտակցության մեջ: Բայց, ասենք, Լյուկ Բեսոնի ֆիլմի սցենարը ես չկարդացի, որովհետև Բեսոնը թույլ չտվեց: Ինձ համար դա խորթ էր: Դերասանը պետք է մոտենա կերպարին, հասկանա նրան: Կարելի է ոգևորել մարդկանց, որ կինո դիտելու գնան, բայց երբեք չես կարող նրանց փոխարեն որոշում կայացնել: Պետք է նայել և՛ լավ, և՛ վատ ֆիլմերը, դա որոշակիորեն օգնում է հասկանալ, ինչո՞ւ չէ, իրականությունը…

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

168.am