Պրադոյում ինձ համար հայտնաբերեցի Իսպանական վերածնունդի նկարչությունը, որի մասին գրեթե ոչինչ չգիտեի։ Ֆերնանդո Յանես դե լա Ալմեդինայի (15-16րդ դարեր) այս կտավը («Սուրբ Կատերինա») այդ ժամանակաշրջանի իսպանական նկարչության ամենակարևոր ստեղծագործությունն է։
Սկզբում չէի պլանավորել կենտրոնանալ իսպանական 15-16-րդ դարերի վրա, որովհետև Պրադոյում ցուցադրվում է ոչ ավել ոչ պակաս՝ 31 հատ Տիցիանի կտավ, 90 -ի չափ Ռուբենս և 7 հատ Ռաֆայել, որից 5-ը՝ 100 տոկոսանոց բնօրինակ, Դյուրերի 4 կտավլ էլ չխոսած Գոյայի մասին, որի ամենամեծ ու ամենաարժեքավոր հավաքածուն ցուցադրվում է Պրադոյի տասնյակ սրահներում։ Բայց վերջին օրը, երբ համենայն դեպս մտա էդ բաժին ու տեսա ինձ անծանոթ նկարչի կտավը, միանգամից ինչ-որ հարազատ «ոչ իսպանական» բան աչքիս զարնեց։ Կենսագրությունից պարզ դառավ, որ Ալմեդինան աշակերտել է Լեոնարդո Դա Վինչիին, ու հենց ֆլորենցական ոճն էր, որ ինձ փաստորեն հարազատ թվաց։ Նույն զգացողությունը դրանից առաջ ունեցել էի Դյուրերի կտավի առաջ Տիսեն-Բորնեմեսի թանգարանում։
Կտավը պատկերում է Աստվածաշնչյան այն դրվագը, երբ 12-ամյա Հիսուսը Երուսաղեմի տաճարում քահանաներին հիացնում է իր գիտելիքներով։ Այդ կտավը Դյուրերը ստեղծել է Իտալիա ճամփորդության ժամանակ՝ Ֆլորենցիայում։ Իտալական ազդեցությունը կասկած չի հարուցում։ Էս երկու ստեղծագործություններն էլ Վերածնունդի դարաշրջանի ամենաարժեքավոր ստեղծագործություններից են։
Եթե ոչ ավեստագիտական առումով, ապա զուտ գեղագիտական առումով սրանք համադրելի են Լեոնարդոյի և Ռաֆայելի օրիգինալ կտավների հետ։ Դա իմ համոզմունքն է։
Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: