Ադրբեջանի մի քանի բնակավայրերում` Տերտերում, Խաչմազում և Բարդայում, այսօր՝ փետրվարի 25-ին, ուժեղ քամիներ են գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram ալիքը` այս բնակավայրերի թվում նշելով նաև Աղդամը, որն այժմ գտնվում է Արցախի տարածքում և կոչվում է Ակնա։ Քամիների հետևանքով մեկ դպրոցի ու մի քանի բնակելի տների տանիքներ են պոկվել, մի քանի ծառեր արմատախիլ են եղել։
Թեև այս բնակավայրերից մի քանիսը մոտ են Արցախի սահմանին, այդուհանդերձ եղանակը Մարտակերտում և Ասկերանում կայուն է։ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների ծառայությունից Sputnik Արմենիային փոխանցեցին, որ Արցախի արևելյան հատվածներում անձրև է գալիս, ամպամածություն կա, բայց ուժեղ քամիներ չկան։
Ազատ Ադամյանը, որը գտնվում է այս պահին Արցախում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ եղանակը ամբողջ Արցախում հանդարտ է․
«Բա մեր էս սարերը քամի բաց կթողնե՞ն, էն էլ Ադրբեջանից», – կատակեց նա։
Օդի ջերմաստիճանն այսօր Արցախում բավականին բարձր է, հովտային շրջաններում` մինչև +10 աստիճան, իսկ նախալեռնային շրջաններում՝ մինչև +6: