Արշալույս Զուրաբյան. «1904 թ. գնդապետ Բիրկովն ու Իգդիրի հայատյաց գավառապետ Բոգուսլավսկին սպանվեցին հայ վրիժառուների կողմից»
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. «1904 թ. գնդապետ Բիրկովն ու Իգդիրի հայատյաց գավառապետ Բոգուսլավսկին սպանվեցին հայ վրիժառուների կողմից»

ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ

Կովկասից Թուրքիա անցնող հայ ֆիդայինները նախեւառաջ ենթակա էին ռուս բռնապետության հալածանքներին: Հայդուկները հաճախ թիկունքից հարված ստանալով՝ մնում էին կես ճամփին, կենդանի մնացածներն էլ՝ հայտնվում ռուսական աքսորավայրերում:

1903 թ. Սասունին օգնության է շտապում 61 հոգուց բաղկացած մի խումբ, որին մաս են կազմում մտավորականներ, ուսանողներ, բժիշկ ու քահանա: Այս խմբի ոդիսականի մասին է պատմում Միքայել Վարանդյանը («ՀՅԴ պատմութիւն, հատոր Ա, էջ 242»):

«Խումբը ճամփա ընկավ Օլթիի շրջանից, անցավ սահմանը եւ լեռ բարձրանալով՝ դիրքեր բռնեցին: Ռուսները նկատեցին ֆիդայիններին եւ 150 զինվորներ շրջապատեցին մերոնց դիրքերը: Օլթիից օգնական ուժերով շտապեց գնդապետ Բիրկովը: Միաժամանակ լուր տվեցին թուրքերին, որ շտապեն դեպքի վայրը:

Առաջին հարձակումը գործեցին ռուսները՝ քշելով ֆիդայիններին դեպի թուրքերը: Թորգոմն ընկերներին հրահանգեց չպատասխանել ռուսների հարձակմանը եւ կռվել միայն թուրքերի դեմ: Մեր դժբախտ ընկերները չէին կրակում ռուսների վրա, իսկ վերջիններս դրանից քաջալերված՝ ավելի եռանդով էին շարունակում հարձակումները:

Մի քանի ժամ կռվելուց հետո՝ ֆիդայինները որոշեցին անձնատուր լինել: Խմբի քահանան, խաչը ձեռքին, շարժվեց դեպի ռուսները, բայց զարկվեց նրանց կողմից: Որսորդ Գեւորգն էլ սպանվեց ռուս զինվորի սվինով: Մեզնից սպանվեց 27 հոգի, 6-ը՝ վիրավորվեցին, 14-ը՝ գերվեցին: Մնացած տղաներին հաջողվեց փախչել եւ ապաստանել անտառում: Գերիները Բիրկովի հրամանով մորթոտվեցին թուրք բանակի ներկայությամբ: Ռուս ու թուրք զինվորականները խրախճանք սարքեցին մորթված հայդուկների դիակների շուրջ»:

ՀԳ – 1904 թ. գնդապետ Բիրկովն ու Իգդիրի հայատյաց գավառապետ Բոգուսլավսկին սպանվեցին հայ վրիժառուների կողմից:

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: