Կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, արհեստական եղանակով է ստեղծվել լաբորատորիայում։ Sputnik ռադիոկայանի եթերում այս կարծիքը հայտնեց ռազմական փորձագետ, ՄԱԿ-ի կենսաբանական զենքի հանձնաժողովի նախկին անդամ Իգոր Նիկուլինը։
Նա դժվարացավ ասել՝ հստակ որտեղ է ստեղծվել կորոնավիրուսը, բայց նշեց, որ COVID-19-ի համադրությունը կասկածներ է առաջացնում։
«COVID-19-ը «հավաքած» է երեք մասից՝ չղջիկի կորոնավիրուսից, օձի կորոնավիրուսից ու ՄԻԱՎ-ի բաղադրիչ գլիկոպրոտեինային սպիտակուցից։ Բնության մեջ նման համադրություն չի կարող ստացվել», – կարծում է փորձագետը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է թույլ տա միջազգային դիտորդներին մուտք գործել իր լաբորատորիաներ, հակառակ դեպքում կորոնավիրուսի ստեղծման համար առաջինը նրանք են կասկածի տակ հայտնվելու։
Նիկուլինը հիշեցրեց, որ պատմությանը հայտնի են լաբորատորիայում ստեղծված վարակները՝ թռչնագրիպ, կորոնավիրուս, որը մերձարևելյան շնչառական համախտանիշ է առաջացնում, «Սինթիա» մանրէն։
Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ COVID-19 կորոնավիրուսի նոր բռնկումը համավարակ է։ Աշխարհում արդեն ավելի քան 140 հազար վարակված կա, մեծ մասն առողջացել են, սակայն ավելի քան 5,3 հազար մահվան դեպք է գրանցվել։
Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 18 հաստատված դեպք կա։