COVID-19 նոր կորոնավիրուսի համավարակի ժամանակ աշխարհի շատ երկրներում մարդկանց խորհուրդ են տալիս ինքնամեկուսացվել և դուրս չգալ տնից։ Մարդիկ սկսում են ավելի քիչ քայլել, ավելի քիչ սպորտով զբաղվել։ Իսկ ֆիզիկական ակտիվության անբավարարությունը, ինչպես ցույց են տվել շատ հետազոտություններ, վնասակար է առողջության համար, ավելին, մեծացնում է այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին են շաքարախտը և սրտային հիվանդությունները, որոնք իրենց հերթին բարձրացնում են կորոնավիրուսի ժամանակ բարդությունների և մահվան հավանականությունը։
Լոնդոնի Կայսերական քոլեջից պրոֆեսոր Քլեր Շովլինը և նրա գործընկերները The BMJ ամսագրի էջերում պատմել են, թե ինչու է ֆիզիկական ակտիվությունը այդքան կարևոր համավարակի պայմաններում ինքամեկուսացման ժամանակ։
Նրանք հիշեցրել են, որ COVID-19-ի ժամանակ բարդությունների ռիսկի գործոնների թվում բարձր տարիքն է և քրոնիկ հիվանդությունները, առաջին հերթին՝ հիպերտոնիան, թոքերի քրոնիկ հիվանդությունները և շաքարախտը։ Նրանք կարծում են, որ ռիսկի խմբի մարդիկ հնարավոր ամեն ինչ պետք է անեն, որպեսզի նվազագույնի հասցնեն վարակման դեպքում հիվանդության ծանր ընթացքը։
Գիտնականները հիշեցրել են, որ սպասվող սթրեսային իրավիճակից առաջ, օրինակ, պլանային վիրահատությունից կամ հղիությունից առաջ մարդկանց հաճախ խորհուրդ են տալիս իրենց ֆիզիկական վիճակը կարգի բերել (այսպես կոչված՝ պրեաբիլիտացիա)։ Շատ հետազոտություններ ցույց են տվել նման մոտեցման արդյունավետությունը։ Օրինակ, երկու հետազոտություններում ուսումնասիրվել է պրեաբիլիտացիան այն մարդկանց շրջանում, որոնք վիրահատությունից հետո բարդությունների բարձր ռիսկ են ունեցել։ Նրանք, ովքեր պարբերաբար վարժություններ են արել, վերականգնումը շատ ավելի լավ է անցել։
Գիտնականների կարծիքով՝ չափավոր ինտենսիվությամբ պարբերաբար վարժությունների օգնությամբ 4 շաբաթում կարելի է լավացնել սրտանոթային համակարգի վիճակը։ Տնային ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլոր մարդկանց նրանք խորհուրդ են տալիս սկսել ֆիզիկական վարժություններ կատարել։
Տարեց և թույլ մարդկանց, եթե նրանք չեն կարող վարժություններ անել, կարելի է խորհուրդ տալ ավելի շատ ուղիղ նստել և շնչառական վարժություններ կատարել։ Մեթա-անալիզի համաձայն, շնչառական մկանների մարզումները բարելավում են թույլ մարդկանց վիճակը։
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն, գիտնականների խոսքերով, ամեն օր պետք է։ Սակայն վարակվելու և ջերմությունը բարձրանալու դեպքում վարժությունները պետք է դադարեցնել։