Որքա՞ն պետք է քնել առողջությունը պահպանելու համար
Advertisement 1000 x 90

Որքա՞ն պետք է քնել առողջությունը պահպանելու համար

Գլխուղեղի և սրտի կաթվածի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է գիշերը քնել 7-8 ժամ: Այսպիսի կարծիք են հայտնել Աթենքի համալսարանի (Հունաստան) մասնագետները:

Նշված գիտնականները ուսումնասիրել են 40-98 տարեկան ավելի քան 1500 մարդու գիշերային քնի տևողությունը: Նրանցից ոմանք ունեին անոթների և սրտի հիվանդություններ կամ առկա էին համապատասխան հիվանդությունների ռիսկի գործոններ:

Այս մարդկանց բաժանել են 4 խմբի՝ քնի նորմալ տևողությամբ (գիշերը 7-8 ժամ) մարդիկ, գիշերները քիչ քնողներ (6-7 ժամ), գիշերները շատ քիչ քնողներ (6 ժամից պակաս) և գիշերները անչափ շատ քնողներ (8 ժամից ավելի): Գիտնականներն ուսումնասիրել են նաև կամավորների անոթների պատերի հաստությունը՝ աթերոսկլերոզի զարգացման աստիճանը գնահատելու համար:

Ստացված բոլոր տվյալները վերլուծելով՝ նրանք կապ են հայտնաբերել գիշերային քնի տևողության և սիրտ-անոթային հիվանդությունների միջև: «Նորմալ» խմբի համեմատությամբ՝ նրանց շրջանում, ովքեր կանոնավոր կերպով գիշերը քնել են 6 ժամից պակաս կամ 8 ժամից ավելի, քներակի պատերի հաստացման, դրա առաձգականության նվազման և աթերոսկլերոզային վահանիկների առաջացման հավանականությունը մեծ էր համապատասխանաբար 54 և 39 տոկոսով:

med.news.am