Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսը տուն բերել հագուստի միջոցով: Պարզվում է, որ` այո, պնդում է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ծերաբույժ Օլգա Տկաչյովան:
«Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ COVID-19-ի հարուցիչը կարող է «գոյատևել» տարբեր մակերևույթների վրա, ընդ որում, ոմանց վրա` բավականին երկար` մինչև 3 օր:
«Հագուստի միջոցով վիրուս տեղափոխել հնարավոր է: Կոնտակտային ճանապարհ գոյություն ունի: Ուստի հագուստը կարող է աղբյուր լինել»,- նշել է մասնագետը:
Ըստ նրա` կան պարզ եղանակներ վիրուսը տեղափոխելու առումով վտանգավոր իրերի վնասազերծման համար: «Հագուստը հարկավոր է ինչ-որ առանձին տեղ կախել, և երկու օրից վիրուսը կմեռնի: Լվանալ այն հարկավոր է 60 աստիճանով: Լրացուցիչ եռացում անհրաժեշտ չէ: Եթե հագուստը լվացվել է, ապա պետք չէ անհանգստանալ, դրա վրա ոչինչ չկա»,- ասել է մասնագետը:
Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդներ էին ներկայացրել համաճարակի պայմաններում հագուստի խնամքի հետ կապված: Այդպես, տուն վերադառնալիս խորհուրդ է տրվում տնային հագուստ հագնել, իսկ դրսի հագուստը` լվանալ կամ մակերեսն ախտահանել խոնավ անձեռոցիկով: