Անգլիացի մեծանուն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա տարբեր երկրների թատրոններում բեմադրված լավագույն ներկայացումները թատերասերները կարող են դիտել Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Ներկայացումները վիրտուալ տիրույթում ցուցադրվում են մարտի 25-ից:
Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն, ռեժիսոր ԿարոԲալյանի խոսքով՝ իրենք շեքսպիրյան բացառիկ ներկայացումները ձեռք են բերել «Գլոբուս», Շեքսպիրյան թագավորական և այլ թատրոններից: «Անում ենք հնարավորը, որ կարանտինի ընթացքում արվեստասերները յուրահատուկ ներկայացումներ դիտեն՝ լրացնելով իրենց հոգևոր պաշարը»,-ասաց Բալյանն ու հավելեց, որ մինչ օրս ցուցադրել են Յուրի Բուտուսովի «Համլետ»-ը, ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի «Շեյլոկ․ Վենետիկի վաճառականը», Ջերեմի Հերինի «Փոթորիկ»-ը, Եվգենի Պիսարևի բեմադրությամբ «Ոչնչից մեծ աղմուկ»-ը, Դեկլան Դոնելանի «Չափն ընդդեմ Չափի» ներկայացումը, Գրեգորի Դորանի մեկնաբանությամբ «Փոթորիկ»-ը և Էյմունտաս Նյակրոշյուսի «Համլետ»-ը: