Հայկական ծագումով ամերիկուհի Քրիստինա Մալյանը, որը 2018թ-ին իր սեփական «Malyan Law» փաստաբանական ընկերությունն է ստեղծել, Voyage LA պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր հաջողության և անցած ճանապարհի մասին։ Նրա ընկերությունը գտնվում է Գլենդելում։ Այս տարի Քրիստինան Կալիֆոռնիայի Իրավաբանների ասոցիացիայից «Նորելուկ սուպեր-փաստաբանի» կոչում է ստացել։
«Սեփական ընկերություն ստեղծելու համար երկար եմ պատրաստվել՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես։ Ես մեր ընտանիքի ավագ երեխան էի։ Ընտանիքը Նահանգներ էր տեղափոխվել իր ամերիկյան երազանքն իրագործելու համար։ Մանկուց իմ «ամերիկյան երազանքն» ունեի։ 2008թ-ին բոլոր ամերիկյան ԶԼՄ-ները հայտարարեցին, թե իբր «ամերիկյան երազանք» կոչվածն այլևս գոյություն չունի։ Սակայն այն շարունակում էր ապրել իմ մեջ»,- պատմել է Մալյանը։
Իրավանաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո Մալյանն ուրիշների մոտ աշխատելու փոխարեն որոշել է սեփական ընկերությունը ստեղծել՝ գիտակցելով, որ այլոց մոտ աշխատելով տևական ժամանակ ֆինանսական կայունություն չի ունենա։ Քրիստինան հպարտանում է, որ հաճախորդներից շատերն իրենց են դիմում նաև նրա համար, քանի որ ընկերությունը երիտասարդ աղջիկ է ղեկավարում։
«Ակնհայտ է, որ իրավական դաշտում տղամարդիկ են գերակշռում։ Դասական փաստաբանական ընկերություններում, որտեղ ես փորձաշրջան էի անցնում, անընդհատ լսում էի իմ կրունկների կտկտոցը և տղամարդկանց մեջ երբեք չէի զգում օծանելիքիս հոտը»,-անկեղծացել է Քրիստինան։
Նա արդեն հասցրել է արժանանալ Instagram-ի օգտատերերի՝ «Գլենդելի ամենագեղեցիկ փաստաբանի» տիտղոսին։
Քրիստինան ոչ միայն գեղեցիկ, այլև սրամիտ կին է։ «Մալյան» ընկերությունը հաճախ է կրեատիվ, փորձարարական կոնտենտ ստեղծում նոր հաճախորդներ գրավելու համար։ Օրինակ՝ երբ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարկլը հայտարարեցին, որ հրաժարվում են տիտղոսներից և հեռանում են Բուքինգհեմյան պալատից, ընկերությունը գովազդ ստեղծեց հրաժեշտ տվող դքսի և դքսուհու լուսանկարով և այսպիսի գրառմամբ․ «Երեխաները տնից գնո՞ւմ են։ Մի վախեցեք։ Ճիշտ ժամանակն է վերանայել անշարժ գույքի հետ կապված ձեր ծրագրերը»։