Մեր ժողովրդի մի զգալի հատվածին հատուկ սնոբիզմը, դժվարահաճությունը, հիպերբոլներով խոսելն ինչ-որ չափով անդրադարձել է մեր ազգային ինքնագնահատականի վրա՝ մեզ նետելով մի ծայրահեղությունից մյուսը։ Արդյունքում սեփական ազգն արժևորելիս մեր շատ հայրենակիցներ գտնվում են երկու հակադիր բևեռներում՝ գերարժեքության և թերարժեքության բարդույթներում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հայության հոգևոր և մտային հատկանիշների թերա- գերագնահատմանը, այլև ֆիզիկականին, ինչին էլ նվիրված է սույն ակնարկը։ Այստեղ կփորձեմ, մասնավորապես, ցույց տալ, որ մեր արվեստը ևս, երբեմն հանիրավի նպաստել է ազգի ֆիզիկականի թերագնահատմանը…
«Հայ ժողովուրդը սիրուն ժողովուրդ չէ»,– տարիներ առաջ մի մասնավոր զրույցում կնիք խփելու պես հայտարարեց մեր մտավորականներից մեկը։
Ես, իհարկե, կարող էի որպես հակափաստարկ մեջբերել մեր ազգի ֆիզիկական նկարագրի վերաբերյալ ոչ հայերի մի շարք դրական, եթե ոչ՝ հիացական վկայություններ… սակայն այնքան անառարկելի էր հարգելի մտավորականի ձայնի հնչերանգը, որ իմաստ չուներ վիճաբանելը…
Նախապաշարում առ հայ գեղեցկությունը
«…պղնձագույն հայ աղջիկ, մազերն ագռավի թևեր»։
Շիրվանզադե, «Մորգանի խնամին»
…1987-ին էր, դպրոցում դասընկերուհիներիս հայտնեցի թերթում կարդացածս, որ այդ թվականի «միսս ԱՄՆ» է ընտրվել Ռութ Զաքարյան անունով մի հայուհի (ի դեպ, հետագայում «Սանտա-Բարբարա» հեռուստասերիալի դերակատարներից մեկը)։ Աղջիկները բարձրաձայն զարմացան, իսկ մեկն ասաց. «Ուրեմն հաստատ խառնուրդ է, հայը ո՞նց կարող է սիրուն լինել»…
Չգիտեմ, կարծես ինչ-որ ծրագրված քաղաքականությամբ մեզ հասունացնում էին՝ մեր ականջն անդադար լցնելով, թե հայը վատն է, խորամանկ, անմիաբան… ու այդ բոլորի հետ մեկտեղ՝ ոչ սիրուն։ Թե՞ իսկապես շրջապատում ֆիզիկապես գեղեցիկները փոքրամասնություն էին կազմում։ Խորհրդային միագույն, չասելու համար՝ մոխրագույն իրականության մեջ ոճերի գրեթե բացակայությունը և արտաքին տեսքին պատշաճ ուշադրություն չդարձնելը վստահաբար թույլ չէր տալիս, որ հայ աղջիկը (այլևս չասած՝ տղան) լիարժեք դրսևորվի իր ֆիզիկական գեղեցկությամբ…
Այս հարցում, սակայն, որոշակի դեր է կատարել նաև հայ արվեստը… Քանի՞ անգամ ենք տեսել հայ նկարչի պատկերած տգեղ կնոջ դիմանկար ու հավաքական ձևով «Հայուհի» վերնագրված… Չգիտես ինչու մեր արվեստագետներին թվում էր, թե հայ տիպաժ պատկերելիս պարտադիր պիտի ցուցաբերել ծայրահեղական մոտեցում՝ շահարկելով հատկապես հայերին բնորոշ մեծաքթությունը։ Պակաս չի շահարկվել նաև որոշ հայ կանանց մոտ շրթունքի աղվամազի առկայությունը, ինչն անցյալում էպիլյացիայի բացակայության պատճառով անհնար էր քողարկել…
Համատարած քիթ և ընչացք
«…հայուհին իր հիշողությանը կներկայանա երկու հաստ սրունքով և քիչ մը պեխով»…
Շահան Շահնուր, «Նահանջն առանց երգի»
Այդ հարցում հատկապես «ակտիվ» եղավ հայ կինոն, իր առաջին իսկ կինոնկարից՝ «Նամուսից» սկսած, որտեղ իրապաշտության ձգտումը, սակայն, մշակվել է անհասկանալի ծայրահեղությամբ: Այս մոտեցումը ժամանակին քննադատել է «Նամուսը» դիտած և նրանով խանդավառված հայազգի մեծանուն բեմադրիչ Ռուբեն Մամուլյանը, որը, գնահատելով հայկական առաջին խաղարկային արտադրությունը և Համո Բեկնազարյանի վարպետությունը, հարկ է համարել նշել հետևյալը. «….պէտք չը կար Հայաստանի բոլոր տգեղ և անհամակրելի դէմքերը մէկտեղ բերել, մի տեսակ ցուցահանդէս սարքելով ֆիզիքապէս անհաճոյ գլուխների, մէկ կողմ թողնելով դրամայի գլխաւոր հերոսուհին, որը միակ բացառութիւնն է: Ո՞վ ասաց որ մենք՝ Հայերս, բոլորս էլ այլանդակ դիմագիծերով ժողովուրդ ենք, և ո՞վ ասաց, որ ամերիկացիները բոլորը գեղեցիկ են և շնորհալի….Եվ այդ այլանդակ քիթերը… բնությունն արդէն մեզ շնորհած է փարթամ քիթեր: Երևանի արվեստագէտները գոհ մնացած չեն ունեցածով, և թղթի յաւելումներով աւելի ևս խոշորացրած են, դերակատարի դէմքն այլանդակելով և ծիծաղելի դարձնելով»[1]…
Տգեղ դեմքեր ցուցադրելու այս միտումը հայ խաղարկային և հատկապես անիմացիոն կինոյում դժբախտաբար շարունակվել է հետագա տասնամյակներին էլ: Այո, մեծ է Ռոբերտ Սահակյանցի դերը՝ հայ մուլտիպլիկացիային սեփական դիմագիծ տալու և իր ինքնատիպ հեղինակային անիմացիոն կինոն ստեղծելու հարցում, սակայն նրա ֆիլմերում հայ մարդը՝ ի դեմս հեքիաթների հերոսների, մշտապես պատկերված է գրոտեսկով։ 1987-ին այդ հարցին անդրադարձել էր հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը՝ մասնավորապես նկատելով. «Թումանյանական ու այլ հեքիաթների բոլոր հերոսների, նաև ֆոնի ամբողջ ժողովուրդը համատարած քիթ են և ընչացք, ծուռ են մարդիկ, շիլ, գեշ ու վանող, ճղլճղան, անդուր ձայներ ենք լսում, անըմբռնելի առոգանություն ու բարբառ (եթե հայկական է տարբերակը)» [2]։ Բավական է հիշել «Որսորդները» և «Կիկոսի մահը» մուլտֆիլմերը…
Հաջորդ տարի, 1988 թվականի հունվարին, թատերագետ Լուիզա Սամվելյանը (Երևանի ժամանակի բացարձակ գեղեցկուհիներից) «Ֆիլմ» թերթում գրել է հետևյալը. «Թվում է, թե գոյություն ունի տգեղության յուրօրինակ պաշտամունք հայ կինեմատոգրաֆիստների մեծ մասի մոտ։ Երևանի, մյուս քաղաքների, գյուղերի փողոցներով անգամ անցնելիս հրճվում եմ, թե որքան բազմացել են վայելչակազմ հայազգիները, արտահայտիչ դեմք ու աչք ունեցող, քայլել ու շարժվել գիտեցող աղջիկներն ու տղաները։ Իսկ մեր ռեժիսորները հաջողեցնում են գտնել ու մատուցել կոշտ դիմագծերով, կարճահասակ կամ աններդաշնակորեն թիկնեղ, կամ անժամանակ գիրացած, մեծաքիթ, ոչ ինտելեկտուալ դեմքերով մեր հայրենակիցներին»…
Դերասանուհի Անահիտ Թոփչյանն էլ մեզ հետ հարցազրույցի ժամանակ վկայել է հետևյալը. «Հիշում եմ, թե ինչ եղավ, երբ Թբիլիսիից ինձ հրավիրեցին ազնվական հայուհու դերի համար: Նկարահանումից առաջ սկսեցին հոնքերս հաստացնել ու իրար միացնել, բեղիկներ «նկարել»: Երբ զարմացա, ինձ ասացին. «Հայուհիները բոլորն էլ բեղավոր են, ինքներդ եք ձեր ֆիլմերում այդպիսի դերասանուհիներ նկարում, ինքներդ եք ձեզ աշխարհին այդպես ներկայացնում, ումի՞ց եք դժգոհում»: Ինձ մնում էր անմիջապես վեր կենալ և լքել ստուդիան»[3]։
Այդպես էր, հայուհու գեղեցկությունը գրեթե չէինք տեսնում մեր էկրաններին, մեր սակավաթիվ ֆիլմերում ինքնարտահայտման հնարավորություն մեծ մասամբ տրվում էր խարակտերային դերասանուհիներին (հարգանքներիս հավաստի՛քը նրանց բոլորին)։ Այդպես էլ հարմար դեր չգտնվեց ժամանակի ոչ պաշտոնական «միսս Երևան» Արուս Ոսկանյանի համար, Մետաքսյա Սիմոնյանը, Լաուրա Վարդանյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Աննա Էլբակյանը և այլք կինոյի համար մնացին կիսով չափ բացահայտված, իսկ մեր ֆիլմերում գեղեցկուհիների մարմնավորեցին ռուսներն ու վրացուհիները…
Հայ կինոն, լինելով այրակենտրոն, պատկերելով առավելապես տղամարդկանց միջավայրեր և միջտղամարդկային հարաբերություններ («Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Հայրիկ»), բնականաբար, չի մտահոգվել պատկերված հերոսների արտաքինով, քանի որ առնական գեղեցկությունը մեծ մասամբ հայ անհատի, արվեստագետի համար առանձնապես կարևոր չի եղել…
«Հայերը մարդկանց գեղեցիկ տիպ ունեն…»
«Երևանի ջրի պես անզուգական են հայուհիները և հայուհիների պես անզուգական է Երևանի ջուրը»։
«Նյու Յորք թայմս», 1968 [4]
Այսպիսով, հարց էր առաջանում՝ հայերս երբեք գեղեցկությամբ աչքի չե՞նք ընկել։ Բայց չէ՞ որ կարդում էինք Չեխովի «Գեղեցկուհիներն» ու ուրախանում, որ ռուս մեծ գրողը բանաստեղծաբար գովերգում է «հայի աղջկա գեղեցկությունը» և գոհանում, որ «Պատերազմ և խաղաղության» մեջ Տոլստոյը մի գեղեցկուհի հայուհու է փրկել տալիս իր հերոս Պիեռ Բեզուխովին…
«Մարգարեն իր գյուղում հարգի չէ»… Եվ իսկապես, հենց օտարազգիները, ի թիվս մեր ժողովրդի այլ առաքինությունների, բազմիցս գովերգել են նաև նրա արտաքինը։ Բազմաթիվ վկայություններից հիշատակեմ երկուսը. «Առհասարակ, հայերը մարդկանց գեղեցիկ տիպ ունեն, իսկ երիտասարդ աղջիկներն ու պատանիները պարզապէս հմայիչ են»,– 19-րդ դարի կեսին գրել է ռուսական զինվորական գործիչ Յոհան Բլարամբերգը[5]։ Իսկ ըստ ամերիկյան միսիոներ Էդվին Մանսել Բլիսի՝ «Հայ կանայք, որպես կանոն, գեղեցկատես են, խելացի դեմքերով և կանացի կեցվածքով։ Սա հատկապես նկատելի է ծեր կանանց դեպքում: Արևելյան ցեղերի մեջ, որպես կանոն, ծեր կանայք այնքան էլ գեղեցիկ չեն, բայց հակառակը ճիշտ է հայուհիների դեպքում»[6]…
Սակայն հետագա վկայակոչումներն արդեն այնքան էլ նպաստավոր չեն… Իրարահաջորդ կոտորածնե՞րն էր պատճառը, գենոֆոնդի պարբերական փչացո՞ւմը, հղկված, կրթված, քաղաքաբնակ խավի թվաքանակի խիստ կրճատո՞ւմը, թե՞ ստալինյան բռնատիրության վախի մթնոլորտը, որ 20-րդ դարում հայաստանցու արտաքինը կարծես ձևախեղվեց, և սերունդների մեջ արմատավորեց հայի ոչ գեղեցիկ լինելու մասին համոզմունքը… Այսպես, արձակագրուհի Էլդա Գրինն իր մի կենսագրական գրվածքում հիշելով, թե ինչպես Թիֆլիսում և Մոսկվայում իր ապրած մանկության տարիներից հետո ստիպված են եղել տեղափոխվել Երևան, նշել է. «Երևանն ինձ թվաց ափի չափ, իսկ մարդիկ ռուսների կապտաչյա ու հաղթամարմին լինելուց և վրացիների գիրգ սպիտակամորթությունից ու ամբարտավան կեցվածքից հետո՝ ինչ-որ տարօրինակ թվացող գորշաթուխ, քթեղ, ցածրահասակ, որոնց մեջ կային մեծ թվով չեչոտներ, շլդիկներ, կույրեր, կաղեր…»[7]…
Հայտնի է, որ արտաքին պայմաններն ազդում են ցանկացած ժողովրդի արտաքինի վրա, ուստիև պատահական չէ, որ 1930-ականների խորհրդահայ մռայլ իրականության մեջ ապրող, տակավին քաղաք չդարձած երևանյան հանրությունն այդպիսին էր երևացել Մոսկվայից տեղափոխված գեղագետ և գեղեցկուհի Էլդային (որի արտաքինը հետագայում պիտի բնորոշեին «ասես ռեմբրանտյան վրձնահարվածով ստեղծված…. մշտապես հոգեթով»[8])…
Սակայն, բարեբախտաբար, սերնդեսերունդ, նպաստավոր պայմանների շնորհիվ, տեղի է ունենում «տեսակի բարելավում»։ Արդեն 1951-ին, մեկ այլ գեղագետ և «ապոլլոնյան գեղեցկությամբ» օժտված Վահրամ Փափազյանը, ըստ ժամանակակցի, ասել է, «թե Երևանում ինքը հանդիպել է կանանց այնպիսի գեղեցիկ աչքերով, ինչպես ոչ մի տեղ։ Եվ միշտ ինքը, որտեղ էլ եղել է, կարոտել է այդ աչքերը։ Իսկ հիմա տեսնում է, որ տղաների աչքերն էլ են գեղեցիկ, որ գեղատես մի սերունդ է աճում Հայաստանում»[9]։ Դարձյալ մեկ տասնամյակ անց, 1960-ականների վերջին Հայաստան այցելած Իտալիայի խորհդարանի անդամ Ռոբերտո Ջակոմետտին ասել է. «Բարեկեցիկ կյանքի շնորհիվ չորս-հինգ տասնամյակում հայերը վերագտել են իրենց ազգային բնական դեմքը։ Ինչքան գեղեցիկ աղջիկներ ու տղաներ կան Երևանում։ Այսպիսի պայծառ դեմքերի ես չեմ հանդիպել Եվրոպայի և ոչ մի մայրաքաղաքում»[10]։ Նրան համակարծիք է որոշ ժամանակ Հայաստանում բնակված անգլուհի գրող Ջուլիա Հարլի-Գրինը (Ճգնավորյան), որը մի հարցազրույցում խոստովանել է. «Պիտի ասեմ, որ Հայաստանում ամենաշատն ինձ հայ կանայք զարմացրին։ Ծանր կենցաղային պայմանները, ինչ խոսք, չեն նպաստում, որ հայ կինը լիովին բացահայտի իրեն։ Բայց ես գիտեմ, բավական է հայ կինը ընկնի որևէ քաղաքակիրթ երկիր՝ նա հրաշալիորեն կերպարանափոխվում է. բարձրորակ մերսումներ, մազերի հարդարանք, այլևայլ բազմաթիվ կանացի հնարանքներ, և հայ կինն իր արտաքին տեսքով գերազանցում է բոլոր այլազգի կանանց։ Թեև, իհարկե, հայ կանայք այստեղ էլ են շատ հմայիչ, գեղեցիկ» [11]։
Տարբեր ժամանակաշրջանների վերաբերող վկայություններն ի մի բերելով՝ կարող ենք հաստատել, որ հայը, անկախ ժամանակաշրջանից և կենսապայմաններից, հատկապես օտարազգիի աչքին, մեծ մասամբ երևացել է որպես ֆիզիկական բարեմասնությամբ օժտված ժողովուրդ։ Այլ հարց, որ մեր մի շարք արվեստագետների մեջ, թերևս ինչ-ինչ բարդույթների պատճառով, անհիմն կերպով տասնամյակներ շարունակ նախապատվության է տրվել հակագեղագիտական կողմին։
Ինչ վերաբերվում է այսօրվան, ապա հայ արվեստում տգեղության պաշտամունքը կարծես թե վերացել է, սակայն դա ոչ թե ի հաշիվ արվեստագետների ազգային ինքնաճանաչման և գեղագիտական ճաշակի բարձրացման, այլ մեզանում, ցավոք, արմատավորված մեկ այլ ժխտական երևույթի՝ կեղծ գլամուրի տիրապետման արդյունք է։ Իսկ սա մեկ այլ խոսակցության թեմա է…
հեղինակ՝ Արծվի Բախչինյան
Հղումներ
[1] «Շինարար» ամսագիր, Նյու Յորք, 1927, թիվ 1։
[2] Սերգեյ Գալստյան, Կախարդական գորգ. հայկական անիմացիոն կինո, Երևան, 2008, էջ 46։
[3] «Ազգ» թերթ, Երևան, 7.09.2018։
[4] «Սովետական գրականություն» ամսագիր, 1968, թիվ 10, էջ 110։
[5] Иоганн Бларамберг, Воспоминания, Москва, 1978, стр. 36.
[6] Edwin Munsell Bliss, Turkey and the Armenian Atrocities, Edgewood Publishing Company, 1896, p. 107.
[7] Էլդա Գրին, Նատյուրմորտ սև ֆոնի վրա, Երևան, 2011, էջ 136։
[8] Հասմիկ Աբեղյան, Օրերս ինձ հետ են, Երևան, 2015, էջ 186։
[9] Ռուբեն Զարյան, Հուշապատում, գիրք 1, 1975, էջ 450։
[10] «Սովետական գրականություն», նույն տեղում։
[11] «Առագաստ» թերթ, Երևան, 1992, թիվ 5։